կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել էին Արշակունյաց պողոտան

Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել էին Արշակունյաց պողոտան

Քիչ առաջ քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել էին Արշակունյաց պողոտան: Նրանք իրենց դժգոհությունն էին արտահայտում Տավուշում իրականացվող սահմանազատմանն ու տարածքային զիջումներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիները Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի հատվածում ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները համայնքով անցնող կամուրջը, որտեղ, ըստ առկա տեղեկությունների, պատրաստվում են ականազերծման աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև գյուղով անցնող միջպետական ճանապարհը շարունակում են փակ պահել։

Նշենք, որ այսօր ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև Հայաստանի մի շարք հատվածներում քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացրել։ Առավոտից փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու հատվածում: Փողոցներ են փակվել նաեւ Երեւանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց:

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

  • Կիսվել: