երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Պուտինը Երևանին կոչ է արել կողմնորոշվել ԵՄ-ի հարցում

Պուտինը Երևանին կոչ է արել կողմնորոշվել ԵՄ-ի հարցում

Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը: Այս մասին քիչ առաջ Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինն ընդգծել է երկկողմ ապրանքաշրջանառության աճն ու համատեղ ծրագրերի կարևորությունը։ Նա Ռուսաստանն անվանել է Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը և հայտնել, որ ռուսաստանցի ներդրողներին բաժին է ընկնում հայկական տնտեսության մեջ ներդրումների շուրջ 30%-ը:

Նրա խոսքով՝ 2026 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը կազմել է 2,5 միլիարդ դոլար։ Ռուսաստանի ղեկավարը նաև մատնանշել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության արդյունքները. այդ ընթացքում հանրապետության ՀՆԱ-ն եռապատկվել է, իսկ հայկական ապրանքների արտահանումն աճել է 10 անգամ:

«Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը»,-հայտարարել է Պուտինը՝ ընդգծելով, որ ռուսական ընկերությունները նշանակալի դեր ունեն հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման գործում և ընդգրկված են պետական բյուջեի խոշորագույն հարկատուների ցանկում։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Եվրոպական միությանն անդամակցելու Հայաստանի ձգտման համատեքստում Մոսկվայի և Երևանի հարաբերությունների ապագային։ Պուտինը հիշեցրել է, որ կողմերը բազմիցս քննարկել են այս հարցը։

«Եվրոպական միությանը հարելու Հայաստանի ձգտումը երկրի օրինական իրավունքն է։ Սակայն դա որոշակի բարդություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում գտնվելու տեսանկյունից: Մեկ այլ կազմակերպությանը միանալու ընթացակարգի մեկնարկի մասին օրենքի ընդունումը նշանակում է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին հայտարարություն»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը։

«Հարգելի՛ Նիկոլ Վովաևիչ, մենք ձեզ հետ հիմա կբանավիճենք, ինձ համար միշտ էլ հետաքրքիր է ձեզ հետ քննարկումներ ունենալ ցանկացած թեմայով, այդ թվում՝ այս: Սակայն գլխավոր հարցում թույլ տվեք, այնուամենայնիվ, չհամաձայնել ձեզ հետ: Դուք ասացիք, թե չեք հայտարարել դուրս գալու մասին: Մեկ այլ տնտեսական կազմակերպությանն անդամակցելու ընթացակարգ սկսելու մասին օրենքի ընդունումը դե ֆակտո կերպով հայտարարություն է նշանակում մեր կառույցից դուրս գալու մասին: Միաժամանակ թե՛ այնտեղ, թե՛ այստեղ գտնվելն անհամատեղելի է, խնդիրը հենց դրանում է», — ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինի խոսքով՝ Մոսկվայի համար կարևոր է հասկանալ Երևանի հետագա ռազմավարությունը։ «Որքան արագ Հայաստանը կողմնորոշվի ԵՄ-ին անդամակցելու հարցում, այնքան լավ։ Մեզ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես ենք զարգացնելու հարաբերությունները հետագայում»,- ընդգծել է նա։

Պուտինը միևնույն ժամանակ նշել է. «Նախևառաջ ընդգծեմ ամենակարևորը, ինչից էլ կուզեի սկսել. մենք միշտ հանդես ենք եկել և հանդես ենք գալիս Հայաստանի հետ բարեկամական, փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին՝ հենվելով ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների սկզբունքի վրա: Դա բխում է հայ ժողովրդի բուն շահերից, Ռուսաստանի բուն շահերից»:

ՌԴ նախագահն առաջարկել է հայ ժողովրդին տալ ընտրության հնարավորություն ԵՄ-ին անդամակցելու հարցում և հարցնել նրանց, թե ինչ են ուզում։

«Դե ուրեմն անցկացրե՛ք այն, ու թեման փակենք, վերջ: Ամենապարզ ճանապարհը մարդկանց դիմելն է, հարցնելը՝ «ի՞նչ եք ուզում»․ վերջ», — ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ արտաքին քաղաքական և տնտեսական հետագա ուղեգծի վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի՝ հաշվի առնելով հայ ժողովրդի ընտրությունը:

«Մոսկվան խնդրում է Երևանին հնարավորինս արագ որոշել իր ապագան ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի հետ»,-նշել է ՌԴ նախագահը:

Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ Ռուսաստանը կողմնակից է Հայաստանի հետ կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,-ասել է Ռուսաստանի նախագահը։

Հանդիպման ընթացքում Պուտինն անդրադարձել է նաև խաղաղ ատոմի, տրանսպորտի և թվային տնտեսության ոլորտներում հայ-ռուսական համատեղ ծրագրերի իրականացմանը։

  • Կիսվել: