չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Պուտինը՝ ասելով «ապօրինի զինված խմբավորումներ», նկատի է ունեցել Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխված անձանց․ Զախարովա

Պուտինը՝ ասելով «ապօրինի զինված խմբավորումներ», նկատի է ունեցել Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխված անձանց․ Զախարովա

Պետք է մենք ունենանք վանդալիզմի օրինակների տեսագրություններ, լուսանկարներ, որպեսզի կարողանանք հստակորեն որոշել տեղանքը և իսկությունը: Իսկ ինչ վերաբերում է վարձկանների քաղաքացիությանը, պետք է այդ հարցն ուղղեք այն երկրներին, որտեղից նրանք գալիս են: Ռուսաստանը նրանց հետ որևէ կապ չունի: Այս մասին այսօր Արցախում ապօրինի զինված խմբավորումների մասնակցությամբ մշակութային կոթողների, գերեզմանների պղծման դեպքերի, այդ խմբավորումների անդամների քաղաքացիության վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նոյեմբերի 17-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասելով «ապօրինի զինված խմբավորումներ», նկատի է ունեցել Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխված անձանց: Այսինքն՝ խոսքն այն խմբավորումների մասին է, որոնց կարգավիճակը և գործողությունները չեն համապատասխանում միջազգային իրավունքի պահանջներին: Ստեղծված իրավիճակին իրավական գնահատական տալու մասով կարող եմ ընդգծել, որ նշված հակամարտության հանդեպ կիրառվում են 1977 թ. Ժնևյան կոնվենցիայի թիվ 1 արձանագրության նորմերը, որոնք վերաբերում են զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը: Նշված հակամարտության կոնտեքստում տեղափոխված զինյալները համարվում են վարձկաններ, քանի որ նրանք հավաքագրվել են այլ երկրի տարածքում՝ երրորդ երկրում զինված հակամարտության մեջ ներգրավվելու նպատակով, փաստացի մասնակցել են զինված գործողություններին, ինչի համար ստացել են բարձր վարձատրություն:

Բաց աղբյուրներից հասանելի տեղեկության հիման վրա մենք իմացել ենք նաև այդ վարձատրության չափը՝ ամսական մինչև 2000 դոլար: Այդ մարդիկ հակամարտող որևէ կողմի քաղաքացի չեն եղել, չեն եղել հակամարտող կողմերից որևէ մեկի զինված ուժերի ծառայողներ, չեն բնակվել այն վայրերում, որոնք գտնվել են հակամարտող կողմերից որևէ մեկի վերահսկողության տակ, նրանք չեն եղել անձինք, որոնց երրորդ երկրներն ուղարկել են հակամարտության գոտի՝ որպես իրենց զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ»:

Զախարովայի պնդմամբ՝ քանի որ վարձկանները չեն կարող համարվել զինված հակամարտության օրինական մասնակից, այդ պատճառով էլ ՌԴ նախագահը նրանց անվանել է «ապօրինի զինված խմբավորումներ»:

  • Կիսվել: