շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պոլսահայ պատգամավորն անդրադարձել է փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունների խնդրին

Պոլսահայ պատգամավորն անդրադարձել է փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունների խնդրին

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը փոքրամասնությունների հիմնադրամների ընտրական կանոնակարգի վերաբերյալ  գրավոր հարցադրումներ է ներկայացրել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Փայլանը մասնավորապես շեշտել է, որ 2013թ. հունվարի 19-ին չեղարկված ընտրական կանոնակարգի պատճառով փոքրամասնությունների հիմնադրամները 9 տարի շարունակ չեն կարողանում ընտրություններ անցկացնել։  Այս ողջ ընթացքում փոքրամասնություն հանդիսացող համայնքները պայքարել են և փոխանցել իրենց պահանջները և՛ ընտրական իրավունքի վերադարձի, և՛ ժողովրդավարական ընտրությունների վերաբերյալ:

2022թ. հունիսի 18-ին հրապարակված Փոքրամասնությունների հիմնադրամների ընտրական հրամանագիրը, ըստ Կարո Փայլանի, մեծ հիասթափություն է առաջացրել փոքրամասնությունների համայնքներում։ Ընտրական կանոնակարգը, որն անտեսում է փոքրամասնությունների համայնքների առաջարկները, դիտվում է որպես պարտադրանք։ Ըստ էության այդ կարգավորումը ոչ միայն չի լուծի առկա խնդիրները, այլև նորերը կստեղծի:

Նոր կանոնակարգը քննադատության է ենթարկվել փոքրամասնությունների համայնքների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից:

Կարգավորման վերաբերյալ փոքրամասնության ներկայացուցիչների կողմից քննադատության ենթարկվող հիմնական խնդիրներն են այն, որ հիվանդանոցներ ունեցող հիմնադրամների ընտրությունները անորոշության են մատնվել՝ քանի որ կապված են Առողջապահության նախարարության հետ:

Բացի այդ որոշ դրույթներ, ըստ պնդումների, հակասում են Լոզանի պայմանագրին:

Փայլանը Թուրքիայի փոխնախագահին ներկայացրել է հետևյալ հարցադրումները.

1. Ինչո՞ւ եք փոքրամասնությունների հիմնադրամի ընտրությունների կանոնակարգում փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչների պահանջներից զատ այլ պարտադրանքներ ավելացրել:

2. Ինչու՞ տարանջատեցիք մեր հիմնադրամները՝ համայնքային հիմնադրամների ընտրությունը հիվանդանոցների միջոցով կապելով Առողջապահության նախարարության հայեցողության հետ։

3. Փոքրամասնությունների ընտրական կարգավորումներւմ ավելացրած Ձեր պարտադրանքներն արդյոք չեն հակասում Լոզանի պայմանագրին չե՞ն հակասում արդյոք։

4. Ինչպե՞ս կարող են ժողովրդավարական լինել ընտրությունները, եթե դրանցում ընտրական կազմկոմիտեն որոշվում է ներկայիս ղեկավարների կողմից:

5. Ինչո՞ւ է փոքրամասնության հիմնադրամի ընտրական կանոնակարգում փոփոխությունները նախաձեռնել ներքին գործերի նախարարությունը, որն այս հարցում իրավասություն չունի:

  • Կիսվել: