ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Փոխվարչապետն ու ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել են Արցախի փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերին

Փոխվարչապետն ու ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել են Արցախի փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլահերթիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հանձնակատարին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված համագործակցությունը Հայաստանի Հանրապետության՝ թափանցիկ և հաշվետու կառավարմանն ուղղված բարեփոխումների օրակարգի առաջմղման գործում: Այս համատեքստում փոխվարչապետը ընդգծել է Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի հետ իրականացվող 2023-2026թթ. գործողությունների ծրագրի նշանակությունը դատաիրավական համակարգի բարեփոխումների, տեղական ժողովրդավարության ամրապնդման, խոցելի խմբերի սոցիալական իրավունքների պաշտպանության և մի շարք այլ կարևոր ուղղություններով առաջընթացի ապահովման տեսանկյունից:

Զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Ղարաբաղի փախստականների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Կառավարության որդեգրած քաղաքականությանը: Մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել տեղահանվածների կրթական, առողջապահական, սոցիալական պաշտպանության ծառայությունների հասանելիության, ինչպես նաև կայուն զբաղվածության և բնակարանային ապահովման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Անդրադառնալով փախստականների սոցիալ-տնտեսական ներառման ուղղությամբ արձանագրված արդյունքներին՝ հանձնակատար Օ'Ֆլահերթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության արագ և շուտափույթ արձագանքը, ինչպես նաև անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով գրանցած ձեռքբերումներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև գենդերային հավասարության, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։

  • Կիսվել: