կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փոխանակ 30 տարի բանակը բանակ դարձնեին, այն օգտագործում էին որպես քաղաքական գործիք՝ ջարդելով բանակի ողնաշարը. Փաշինյան

Փոխանակ 30 տարի բանակը բանակ դարձնեին, այն օգտագործում էին որպես քաղաքական գործիք՝ ջարդելով բանակի ողնաշարը. Փաշինյան

Սպիտակի աղետալի երկրաշարժից հետևանքով անօթևան մնացած քաղաքաիցիների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով Կառավարությունը հատկացրել է 3 մլրդ դրամ: Այդ մասին Սպիտակ քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

Նա նշեց, որ ավարտին է մոտենում նախկինում ցուցակագրված քաղաքացիներին բնակարանով ապահովելու գործընթացը, որից հետո հասկանալի կդառնա, թե պետությունն այդ մասով էլ ինչ պարտավորություն ունի: 

Փաշինյանն անդրադարձավ վերջին 3 տարում կատարված աշխատանքներին: Նա նշեց, որ 2018-ից առողջապահության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 80 տոկոսով, պետպատվերի շրջանակում իրականացված սրտի ստենտավորման ծրագրով փրկվել է ավելի քան 4600 մարդու կյանք, ներդրվել է ինսուլտի ստենտավորման ծրագիր: 

«Մեր արած շատ գործեր մթագնվել են պատերազմի և կորոնավիրուսի պատճառով: Ես հիմա ստիպված եմ բանակցային գորընթացի շատ կետեր բացահայտել, քանի որ նրանք, որոնք տարիներ շարունակ ներսում և դրսում դավաճանական գործունեություն են ծավալել, մեզ այսօր մեղադրում են դավաճանության մեջ: Եթե մենք դավաճան ենք, էսքան մարդիկ ոնց են եկել մեր ասածը լսելու: Փողո՞վ է եկել, ստիպողաբա՞ր, թե՞ սպառնալիքով են եկել...»,- ասաց Փաշինյանը: 

Նրա խոսքով՝ վերջին 3 տարում Կառավարությունն այնքան ճանապարհ է կառուցել, որքան վերջին 10 տարում չի կառուցվել: «Կա՞ արդյոք մի պաշտոնա, որ 1998-ից սկսած ճանապարհաշինության մեջ ներգրավված է եղել և միլիարդատեր չի դարձել... Այո, մենք պարտվել ենք, և այդ պարտության պատասխանատվությունը մերն է, բայց մենք պահպանել ենք ամենակարևորը՝ ձեր աչքերին նայելու իրավունքը: Մենք ամեն ինչ արել ենք այս աղետին պատրաստվելու համար: Բայց նրան, ինչին հակառակորդը պատրաստվում էր 30 տարի, մենք պատրաստվեցինք 2 տարի: Փոխանակ 30 տարի բանակը բանակ դարձնեին, այն օգտագործում էին որպես քաղաքական գործիք՝ ջարդելով բանակի ողնաշարը: Մարդիկ, որոնք այս ապրիլին բանակը կրկին ներքաշեցին քաղաքական գործընթացների մեջ, նորից ջարդեցին բանակի ողնաշարը: Մեր Կառավարությունը բանակի առջև քաղաքական խնդիրներ չի դրել, մենք պատվել ենք մեր սպաներին, գեներալներին, որքան կարողացել ենք: Այն մարդուն, ում ես տվել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, պատերազմի ընթացքում թիկունքին եմ եղել, հիմա դարձել է Քոչարյանի բուկլետ բաժանող, լավ էլ գտել ես քո տեղը...դուք էդ քաղաքական հետախորշերից դուրս չեք գալու, ժողովուրդը ձեզ չի ներելու, ծախո՛ւ գեներալներ»,- նշեց վարչապետի պաշտոնակատարարը՝ հավելելով, որ ընդունում է սխալը, որ 2018-ին բանակից դուրս չի հանել «զինվորի հաց բաժանող որոշ գեներալների»: 

Փաշինյանն ասաց, որ սահմանային հետագա էսկալացիա թույլ չեն տալու, և պատրաստ են հայելային եղանակով հետ քաշել զորքերը և միջազգային հովանու ներքո սկսել սահմանագծման աշխատանքներ: «Սահմանագծումից և սահմանազատումից պետք չէ վախենալ, բոլոր պետություններն այդ խնդրին բախվում են, դա անձնեռնմխելի պարիսպ է, որը պետք քաշել: Պետք չէ վախենալ նաև կոմունիկացիների բացումից»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ Գայաստանում ապագա կա:  

  • Կիսվել: