ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետությունը 170 000 դոլարի պայմանագիր է կնքել փոխնախարարի ընտանիքի ընկերության հետ

Պետությունը 170 000 դոլարի պայմանագիր է կնքել փոխնախարարի ընտանիքի ընկերության հետ

Բարձրաստիճան ՔՊ-ականների, նրանց ընտանիքների հետ փոխկապակցված տարբեր ընկերություններ շարունակում են պետության հետ գնումների պայմանագրեր կնքել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանի ընտանիքին պատկանող «Շինկարկաս» ընկերությունը դեկտեմբերի 6-ին 67 մլն դրամի (ավելի քան 170 000 դոլար) համաձայնագիր է կնքել Շիրակի մարզպետարանի հետ, գրում է civilnet.am-ը

Համաձայնագիրը կնքվել է Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար։ Վերանորոգվող տանիքի մակերեսը ավելի քան 3 800 քառակուսի մետր է։ Պայմանագրով նախատեսվում է աշխատանքներն ավարտել 90 օրվա ընթացքում։

Պայմանագրի կնքումից օրեր անց դպրոց էր այցելել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ասել, որ տանիքի վերակառուցումն անհետաձգելի է, քանի որ «դպրոցի ամբողջական քայքայում է գնում»։

Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Շինկարկաս»-ը հիմնադրվել է 1999 թվականին, Հովհաննես Հարությունյանի հոր՝ Ավետիք Հարությունյանի կողմից, Գյումրիում։ Ընկերության 70 տոկոսի բաժնետերը Հովհաննես Հարությունյանի եղբայրն է՝ Անուշավան Հարությունյանը, իսկ 30 տոկոսը պատկանում է մորը՝ Դշխուհի Հարությունյանին։ Քաղաքաշինության կոմիտեն «Շինկարկաս»-ին կապիտալ շինարարության բնագավառում գործունեություն իրականացնելու լիցենզիա է տվել։ Ընկերությունը ժամանակին ներգրաված է եղել նաև Ախուրյանում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդկանց համար բնակելի շենքերի կառուցման գործում։ Կառուցված շենքերի որակից քաղաքացիները դժգոհություն էին հայտնել։

Շիրակի մարզպետարանը «Շինկարկաս»-ի հետ պայմանագիր է կնքել գնանշման հարցման եղանակով։ Ըստ «Գնումների մասին» օրենքի՝ գնանշման հարցումն այն ընթացակարգն է, երբ պատվիրատուն՝ տվյալ դեպքում Շիրակի մարզպետարանը, երկու կամ ավելի անձանց (ընկերությունների) հարցում է ուղարկում, ներկայացնում պահանջներն ու ակնկալում ստանալ գնառաջարկ։ Ստանալով տարբեր ընկերությունների գնառաջարկներ, պատվիրատուն հաղթող է ճանաչում առավել ցածր գին առաջարկած ընկերությանը։ Տվյալ գնման դեպքում Շիրակի մարզպետարանը գնանշման հարցում է ուղարկել 8 ընկերության՝ ներառյալ «Շինկարկաս»-ին։ Դրան պատասխանել են 7-ը. «Շինկարկաս»-ն առաջարկել է դպրոցի տանիքի վերանորոգումն իրականացնել նվազագույն գնով՝ 67 միլիոն 80 հազար դրամով։ Նրանից 12 հազար դրամ ավել էր առաջարկել «Անդրեաս և ընկերներ» ՓԲԸ-ն, ինչի արդյունքում էլ մրցույթում հաղթել է «Շինկարկաս»-ը։

Փոխնախարարի հայրը՝ ամբաստանյալ

«Շինկարկաս»-ը, ինչպես վերը նշեցինք, հիմնադրել է Ավետիք Հարությունյանը։ Վերջինս երկար տարիներ (2004-2019 թթ) եղել է նաև Համահայկական հիմնադրամին պատկանող «ՀԱՏՄ» ընկերության տնօրենը։ «ՀԱՏՄ»-ը հայ-ամերիկյան տնաշինական միավորման հապավումն է, որը հիմնադրվել է 1991-ին՝ Հայաստանի կառավարության ու Ամերիկայի հայկական համագումարի ջանքերով։ Ընկերության նպատակը աղետի գոտում շինանյութի արտադրությունն ու մատակարարումն էր։ 1999-ից «ՀԱՏՄ»-ի սեփականատեր դարձավ Հայաստան համահայկական հիմնադրամը, մի քանի տարի անց Հարությունյանը դարձավ ընկերության տնօրեն։

2018-ին հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին առնչվող քրեական գործի շրջանակում ԱԱԾ-ն հաղորդեց, որ փոխնախարարի հայրն օժանդակել է Արա Վարդանյանին հափշտակել հիմնադրամի գույքն ու միջոցները։ Ըստ մեղադրանքի՝ Ավետիք Հարությունյանը լինելով «Հայաստան» հիմնադրամի 100% ղեկավարման հանձնված «ՀԱՏՄ» ընկերության տնօրենը, այսինքն՝ պաշտոնատար անձ, և ընդունելով հիմնադրամի գործադիր տնօրենի՝ Արա Վարդանյանի՝ հանցանքի կատարման օժանդակելու առաջարկները, 2017-2018 թվականների ընթացքում շահադիտական նպատակներով պաշտոնեական կեղծիք կատարելով օժանդակել է Արա Վարդանյանին հիմնադրամի՝ առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելուն։ Դրա շրջանակում նա կեղծված պաշտոնեական փաստաթղթերն այլ կեղծ փաստաթղթերով փոխարինելու նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք: Այս գործն այժմ դատաքննության փուլում է Հակակոռուպցիոն դատարանում, Արա Վարդանյանն ու Ավետիք Հարությունյանը մեղադրյալներ են։ Գլխավոր դատախազությունից Սիվիլնեթին հայտնել են, որ գործով պետությանը պատճառված վնասը ավելի քան 287 միլիոն դրամ է։

Այլ պայմանագիր՝ Հարությունյանների ընկերության հետ

Հովհաննես Հարությունյանի հորեղբորը՝ Հարություն Հարությունյանին է պատկանում «Հայկասար» ՍՊԸ-ն։ Պետեկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ «Հայկասար»-ը շենքերի ու շինությունների տեխնիկական հետազննության գործունեությամբ է զբաղվում։ Դեկտեմբերի 8-ին «Հայկասար»-ը ավելի քան 2 միլիոն դրամի պայմանագիր է կնքել Շիրակի մարզպետարանի հետ։ Պայմանագրով ընկերությունը պարտավորվել է տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ մատուցել Ախուրյանի Կրաշեն, Քեթի, Աշոցք համայնքի Արփենի, Ցողամարգ, Գեգհովիտ, Ամասիա համայնքի Ալվար և Գտաշեն բնակավայրերի դպրոցներում կատարված շինարարական աշխատանքների համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: