Պետք է տարբերակել Բելառուսի և Ադրբեջանի նախագահներին. ԱԽ քարտուղար
Լուկաշենկոյի ասածներին Հայաստանի Հանրապետությունն արձագանքել է, բոլոր քայլերը կատարվել են՝ տվյալ հայտարարության հետ կապված, ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ համարժեք գնահատելով Հայաստանի արձագանքը Բելառուսի նախագահի վերջին հարցազրույցներից մեկում հնչեցրած աղմկահարույց հայտարարություններին։
Արմեն Գրիգորյանը թվարկեց՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանն արձագանքել են ԱԺ պատգամավորները, ԱԳ նախարարությունը, ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն։
«Կարծում եմ՝ համապարփակ պատասխան եղել է, և հուսով եմ, որ նման միջադեպերից համենայնդեպս, բելառուսական կողմը այլևս կխուսափի, կխուսափի որևիցե գնահատական տալու Հայաստանի վերաբերյալ, որովհետև այդ գնահատականները որևիցե ձևով չեն բխում Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերություններից, մանավանդ այն հարաբերություններից, որոնք սերտ են հայ ժողովրդի և բելառուս ժողովրդի միջև», - ասաց Գրիգորյանը։
Դիտարկմանը՝ Բելառուսի նախագահն առաջին անգամը չէ, որ ՀՀ իշխանությունների մասին արտահայտվում է ոչ դիվանագիտական բառապաշարով, ԱԽ քարտուղարն արձագանքեց․
«Իսկ մենք շարունակում ենք դիվանագիտորեն պատասխանել և հուսալ, որ այլևս նման միջադեպեր չեն լինի։ Եվ եթե հավելյալ միջադեպեր լինեն, մենք կմտածենք, թե ինչպես պատասխանենք»։
Արմեն Գրիգորյանը տեղին չհամարեց հարցն՝ առնչվող Արբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ՀՀ իշխանությունների հասցեին հնչեցրած է՛լ ավելի կոշտ ու կոպիտ, վիրավորական հայտարարությունները մեր կողմից անպատասխան թողնելուն։ Նա նշեց, որ պետք է տարբերակել Բելառուսի և Ադրբեջանի նախագահներին։
«Այդ հարցը տալուց, երևի, պետք է տարբերություն դնել Բելառուսի հետ մեր հարաբերությունների և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների միջև, եթե այդպիսիք ընդհանրապես գոյություն ունեն։ Կարծում եմ՝ այդ հարցը տեղին հարց չէ», - նշեց նա, ապա իր հերթին հարց ուղղեց լրագրողին․
«Դուք, որպես մարդ, երբ ձեզ հետ լավ հարաբերություն ունեցող մարդը ձեզ լավ չի վերաբերվում, դրանի՞ց եք ավելի շատ վիրավորվում կամ դա անընդունելի համարում, թե՞ այն մարդուց, ում հետ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեք։ Կարծում եմ՝ առաջինի դեպքում»: