երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող քաղաքական ուժերը չունենան որևէ շանս՝ ՀՀ-ում քաղաքական ազդեցություն ունենալու. Փաշինյան

Պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող քաղաքական ուժերը չունենան որևէ շանս՝ ՀՀ-ում քաղաքական ազդեցություն ունենալու. Փաշինյան

Պիտի արձանագրեմ, որ մենք երկու անգամ գերծանր պայմաններում կարողացել ենք ապահովել ՀՀ-ի քաղաքացիների կամքի արտահայտությունը: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 16-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, թե 2021 թվականին ինչ միջավայրում են իրականացվել խորհրդարանական ընտրությունները, և թե ինչպես են ՀՀ քաղաքացիներն ազատ կամարտահայտման հնարավորություն ունեցել:

«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նույնպես ՀՀ քաղաքացիներն ազատ կամարտահայտման հնարավորություն ունեցել են, բայց ձեզ հայտնի պայմաններում և միջավայրում մենք բախվել ենք բոլորովին նոր մարտահրավերների, և այդ մարտահրավերներին արձագանքելու պատշաճ մեխանիզմների ձևավորումը պետք է լինի մեր քաղաքական օրակարգի առաջիկա կարևորագույն հատվածը: Մասնավորապես՝ մենք այսօր արդեն պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող և այդ տրամաբանությամբ գործող քաղաքական ուժերը չունենան որևէ շանս՝ ՀՀ-ում քաղաքական ազդեցություն ունենալու:

Այո՛, մենք պետք է հստակ արձանագրենք, որ, ըստ էության, խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է կամ նույնիսկ չի կարելի է ասել քաղաքական միավոր, և ՀՀ լեգիտիմ իրավունքն է այդ պրոցեսները և այդ շրջանակներին զրկել քաղաքական գործունեության հետագա հնարավորությունից:

Դրա համար ՀՀ-ն պետք է ձեռնարկի միջոցներ, և մենք 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ պարտավորությունը ստանձնել ենք և վերստանձնել ենք»,- ասաց նա՝ հավելեով, որ Կառավարությանը, ժողովրդին և քաղաքական մեծամասնությանը ոչինչ չի խանգարում՝ կենտրոնանալու ՀՀ-ում ընտրակաշառք բաժանող ուժերին արմատախիլ անելու գործընթացի վրա, և որ այդ գործընթացն արդեն իսկ սկսված է, այն որևէ կերպ չի կարող կասեցվել:

  • Կիսվել: