շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Պետք է ռադներդ քաշեք, որ ժողովուրդն էլ ձեզնից պրծնի». Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ականներին

«Պետք է ռադներդ քաշեք, որ ժողովուրդն էլ ձեզնից պրծնի». Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ականներին

Գաղտնիք չէ, որ մենք արդեն երկար տարիներ ապրում ենք արհավիրքի պայմաններում, եւ գաղտնիք չէ, որ դրա պատճառը մեկ մարդ է: Այս մասին, այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «2018-ից տարբեր հավելվածներով եւ հաղորդագրություններով կառավարվող իշխանությունը, պարզվում է, որ այդ հաղորդագրություններն ու հավելվածները օգտագործելու էր նաեւ հետագայում: Իհարկե, առանձին ողբերգություն է, որ երկրիդ պաշտպանական կամ անվտանգային ղեկավար կազմը շփվում է «վոթսափով», մի հատ էլ էդ մակարդակի է շփվում,մի հատ էլ շփվելուց հետո դա հրապարակայնացնում է կողմերից մեկը: Կարծում եմ՝ էս դահլիճում որոշներն էլ հիանալի գիտեն այդ հաղորդագրություններից եւ պատկերացնում են մոտավորապես, թե դրանք ինչ ավարտ են ունենալու:

Վստահ եմ, որ ոչ շատ հեռու ժամանակներում մենք այդ նույն «վոթսափ»-ում կգտնենք «Հայաստանը չի խառնվի Արցախի հանձնմանը» հաղորդագրությունը, կամ «կարո՞ղ է պայմանավորվենք էս նախկինների մասին նույն տեքստերը խոսել», «կարո՞ղ է պայմանավորվենք, որ արեւմտյան հարթակն էլ մեզ պետք չէ», կամ «պայմանավորվենք, որ ռուսներն են մեղավոր», կամ «ՀԱՊԿ-ը սառեցնում ենք, թուրքերին՝ տաքացնում»: Մեկ էլ Սերժ Սարգսյանը մի քանի տասնյակ միլիարդ դոլարի զենք է բերել Հայաստան, «կարո՞ղ է մի 6 մլրդ-ը թողեմ, կգաք, կվերցնեք ու առիթ կունենաք համայն աշխարհին հարցնելու, թե որտեղի՞ց էսքան զենք»:

Ըստ պատգամավորի՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է միայն իր աթոռը: Դիմելով իշխանությանը՝ նա նշեց. «Պրոբլեմը դուք եք, պրոբլեմը ձեր մեջ է, ձեր հետեւություններն ու եզրահանգումներն էլ են ճիշտ: Ըստ ձեր հետեւությունների ու եզրահանգումների՝ պետք է թողնեք ու ռադներդ քաշեք, որ էս ժողովուրդն էլ ձեզնից պրծնի»:

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց Աննա Մկրտչյանին:

  • Կիսվել: