Պետք է դադարել խաղալ մեծ պետությունների հակասությունների վրա․ Քոչարյան
«Հայաստան» դաշինքը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանրահավաք անցկացրեց Ազատության հրապարակում։ Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ ընդամենը մեկ շաբաթ հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հայ մարդը որոշելու է իր ճակատագիրը։ «Հայ մարդու և մեր պետականության ճակատագիրը չի որոշվում ո՛չ Բրյուսելում, ո՛չ Մոսկվայում, ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ էլ մեկ այլ երկրի մայրաքաղաքում։ Մեր պետականության ճակատագիրը հայ մարդու, ձեզանից յուրաքանչյուրի ձեռքում է և որոշվում է Երևանում ու Հայաստանում, ու մենք տեր ենք մեր ճակատագրին»,- նշեց Սաղաթելյանը։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց՝ «Հայաստան» դաշինքը գալիս է, որպեսզի կանգնի հայ գյուղացու կողքին, որպեսզի հայկական գյուղը զարգանա, հայ երիտասարդը ապագա ունենա, հայ ծնողը վստահ լինի, որ իր զավակն ապրելու է այս երկրում, իր երկրում, ունենալու է բազմաթիվ թոռներ, ծոռներ ու իր ապագան կապելու է Հայաստանի հետ։
Նա նաև նշեց, որ «Հայաստան» դաշինքը, իշխանության գալու դեպքում, մաքրելու է վարկային «սև ցուցակները», որոնցում մարդիկ հայտնվել են տարբեր վարկեր վերցնելու և տարբեր պատճառներով դրանք վճարել չկարողանալու պատճառով։
««Հայաստան» դաշինքը նաև գալիս է քրեակատարողական հիմնարկները մաքրելու։ Մենք իրականացնելու ենք լայնածավալ համաներում թե՛ քրեական, թե՛ վարչական, թե՛ նաև ֆինանսական ամենածավալուն ուղղություններով»,- հայտարարեց Մինասյանը։
«Հայաստան» դաշինքում ընդգրկված «ԱռԱջ» կուսակցության նախագահ Սևակ Խաչատրյանն էլ իր ելույթում կոչ արեց անպայման մասնակցել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին, «որպեսզի գյուղացին գյուղմթերքի մթերման ու արտահանման խնդիր չունենա, որպեսզի Հայաստանում ուսանողները ստանան անվճար բարձրագույն կրթություն»։
Հանրահավաքի ավարտին ելույթ ունեցավ դաշինքի առաջնորդ, ընտրական ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը։ Նա խոսեց ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահներիէ մայիսի 29-ին ընդունած և Հայաստանին փոխանցված հայտարարությանը, որով կոչ է արվում հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել Հայաստանում Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցում։
«Այսօր մեր տնտեսությունն էապես կախված է ԵԱՏՄ-ի տնտեսությունից, և այսօր փաստորեն Հայաստանին դրվել է ուլտիմատում՝ որոշեք, թե դուք որտեղ եք։ Սա անհետք չի մնալու մեր ժողովրդի համար»,- հայտարարեց Քոչարյանը՝ կարծիք հայտնելով, որ եթե առաջիկա ընտրությունների արդյունքներով գործող իշխանությունը վերընտրվի, Հայաստանի տնտեսությունը հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ։
Քոչարյանը նաև նշեց, որ Հայաստանը պետք է ունենա դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ և շատ լավ հարաբերություններ Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ։
«Մեզ պետք է և-և, ոչ թե «կամ-կամ», և դա հնարավոր է անել, և մենք դա անում էինք, ուղղակի պետք է դադարել խաղալ մեծ պետությունների հակասությունների վրա»,- ասաց Քոչարյանը։
Նա հավելեց, որ Հայաստանում առկա բոլոր խնդիրները, երկրի առջև ծառացած մարտահրավերները լուծվելիք հարցեր են՝ շեշտելով, որ ինքը գիտի, թե ինչպես է պետք այդ խնդիրները լուծել։
«Մենք ունենք հարուստ փորձ արդյունավետ կառավարման և զարգացման համար։ Հիմա, ի՞նչ պետք է անենք մենք հունիսի 7-ին․ գնում ենք ընտրատեղամասեր և ընտրում ենք Հայաստանը, ընտրում ենք փորձը, ընտրում ենք պատասխանատվությունը»,- եզրափակեց Քոչարյանը։ Հանրահավաքի մասնակիցներն այնուհետև իրազեկման երթ անցկացրեցին Երևանում, որը մեկնարկեց Մաշտոցի պողոտայից։ Երթը գլխավորեցին դաշինքի քաղաքական առաջնորդները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։
Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրապայքարին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքի կազմում միավորված են Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «ԱռԱջ» կուսակցությունները։ Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։


