հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Պետք չէ մոռանալ, որ 2020-ի պատերազմից հետո հենց ՀՀ-ն էր, որ տևական ժամանակ չէր արձագանքում սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկին». Ադրբեջանի ԱԳՆ

«Պետք չէ մոռանալ, որ 2020-ի պատերազմից հետո հենց ՀՀ-ն էր, որ տևական ժամանակ չէր արձագանքում սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկին». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր հակադարձել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ նախօրեին հրապարակված հարցազրույցի մի շարք դրույթներին։

Մասնավորապես՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն է անվանել Հայաստանի ինքնիշխան տարածքների զավթման մասին պնդումները։

՛՛Հայաստանն է, որ շուրջ 30 տարի է, ինչ օկուպացված է պահում Ադրբեջանին պատկանող ութ գյուղերը, ամբողջությամբ դուրս չի բերում իր զորքերը Ադրբեջանի տարածքից, շարունակում է ռազմական սադրանքները, ուստի Երևանից հնչող մեղադրանքները տրամաբանական չեն՛՛,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Միրզոյանը նշել է, որ չնայած տարբեր ուղղություններով ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի կողմից չեն դադարում ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքում:

Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ ընդգծել է. ՛՛Պետք չէ նաև մոռանալ, որ 2020 թվականի պատերազմից հետո հենց Հայաստանն էր, որ տևական ժամանակ չէր արձագանքում սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկին՛՛:

Նշենք նաև, որ Արարատ Միրզոյանը, երեկ անդրադառնալով պատմական քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթաց իրականացնելու Բաքվից հնչող հայտարարություններին, հայտարարել էր, որ նման հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։

 

  • Կիսվել: