Պետական ապարատում ունենք պատվաստման 70 տոկոսից բարձր ցուցանիշ․ Ավանեսյան
Պետական ապարատում ունենք պատվաստման 70 տոկոսից բարձր ցուցանիշ։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ի ուժի մեջ մտնող ամիսը 2 անգամ պարտադիր թեստ հանձնելու մասին հրամանին։։
Նախարարը շեշտեց, որ պետական ապարատի աշխատակիցները, առաջին հերթին քաղաքական պաշտոն զբաղեցնողները, առանց սպասելու հոկտեմբերի 1-ին, ակտիվ պատվաստվում են։
«Ես վստահ եմ, եթե ամփոփենք սեպտեմբերը, մինչև հոկտեմբերի 1-ը այս ցուցանիշը 80 տոկոսից ավելի է: Պետական ապարատը առանց հարկադրանքի սպաելու, իր պատասխանատվությա մասնաբաժին իրականացրել է: Բայց ասեմ՝ անկախ այդ փաստից, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց համար: Եթե չպատվաստված անձ կա, պարտավոր է 14 օրը մեկ ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքները»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ իրենց մտահոգությունը առողջապահական ուղղություն ունի: «Մեր քաղաքականությունն ուղղված է քաղաքացիների կյանքը և առողջությունը պահպանելուն, ընդհանուր հանրային առողջապահական անվտանգության խնդիրը պահպանելուն: Եվ հաջորդը՝ տնտեսական անվտանգության, նորմալ գործունեության շարունակականությունն է, որն անհնար է դառնում, երբ կորոնավիրուսը դուրս է գալիս կառավարելիի շրջանակներից»,- ասաց նա:


