շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՊԵԿ պատվիրակությունը Բաթումում մասնակցել է միջազգային համաժողովի. քննարկվել են կեղծարարության դեմ պայքարի ժամանակակից մոտեցումները

ՊԵԿ պատվիրակությունը Բաթումում մասնակցել է միջազգային համաժողովի. քննարկվել են կեղծարարության դեմ պայքարի ժամանակակից մոտեցումները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը հուլիսի 25-28-ը Բաթումում մասնակցել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) և Վրաստանի մտավոր սեփականության ազգային կենտրոնի՝ SAKPATENTI կազմակերպության հետ համատեղ կազմակերպված «Վրաստանն ընդդեմ կեղծարարության և ապօրինի առևտրի» խորագրով 6-րդ միջազգային համաժողովին: 

Միջոցառմանը մասնակցել է տարբեր երկրների պետական կառավարման մարմինների, մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների ավելի քան 140 ներկայացուցիչ։ Քննարկվել են մտավոր սեփականության պաշտպանության և կեղծարարության դեմ պայքարի ժամանակակից մոտեցումների վերաբերյալ հարցեր։ 

ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը ներկայացրել է շնորհանդես՝ ՀՀ մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործընթացի, այդ թվում՝ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործող ռիսկերի կառավարման համակարգում տեղայնացված ռիսկի ավտոմատ պրոֆիլների հիման վրա իրականացվող հսկողության վերաբերյալ: Ներկայացման ընթացքում  նշվել է, որ 2018 թվականին ներդրված էլեկտրոնային գործիքակազմի շնորհիվ բարձրացել է ՀՀ մաքսային մարմինների կողմից հսկողության արդյունավետությունը։ Նաև ավելացել է ՀՀ մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանում հաշվառված ապրանքային նշանների քանակը․ 2018 թվականի համեմատ 2022 թ․ այն գրեթե կրկնապատկվել է: 

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ներկայացուցիչը մասնակցել է նաև մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ պանելային քննարկմանը՝ Վրաստանի և Մոլդովայի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ներկայացուցիչը  նշել է, որ 2022 թ. հուլիսին «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրի ստորագրմամբ ավելի է բարձրացել երկու երկրների միջև մաքսային համագործակցության արդյունավետությունը:

  • Կիսվել: