շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պայմանագրային 526 զինծառայողի կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք

Պայմանագրային 526 զինծառայողի կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք

Կառավարության այսօրվա նիստում Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ներկայացրեց նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի, պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի  ու արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2022 թվականին դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին:

Նախագծի  ընդունման դեպքում 526 զինծառայողի կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք:

Սարգսյանի խոսքով՝ ծրագրից առաջնահերթ  օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը  ռազմաուսումնական հաստատություն ընդունված ու ՌՈՒ-ն ավարտելուց հետո հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ ՌՈՒ ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ասաց, որ այս նախագիծը վերաբերում է  զինծառայողների համար արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագրին, որի դեպքում ձեռք բերվող բնակարանների մայր գումարի 10 տոկոսը  ու վարկի 7 տոկոս կազմող տոկոսադրույքի 3 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից:

«2022 թվականի սույն ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող, նրանցից առաջնահերթության կարգով ու վիճակահանությամբ տեղեկանք է տրվել 492 զինծառայողի, իսկ այս նախագծի ընդունման դեպքում մնացած 526 զինծառայողին ևս կհատկացվի  վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանքը», - նշեց փոխվարչապետը:

Համբարձում Մաթևոսյանն ասաց, թե  բոլոր 1018  զինծառայողները հնարավորություն կունենան օգտվելու արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորումից:

Փոխնախարար Արման Սարգսյանն էլ ասաց, թե սա միտված է զինծառայության գրավչությունը բարձրացնելուն:

  • Կիսվել: