կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փայլանը թուրքական «Halk TV»-ի եթերում Էրդողանին նմանեցրել է նացիստների առաջնորդ Հիտլերին

Փայլանը թուրքական «Halk TV»-ի եթերում Էրդողանին նմանեցրել է նացիստների առաջնորդ Հիտլերին

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր Կարո Փայլանը թուրքական «Halk TV»-ի եթերում կոշտ քննադատություններ է հնչեցրել Թուրքիայի նախագահի և ընդդիմադիր կուսակցապետերի հասցեին, գրում է ermenihaber.am-ը։

Ըստ աղբյուրի՝ Փայլանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նմանեցրել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերին։

Նրա խոսքով՝ Թուրքիայում նախագահի պաշտոնը պետք է անպայման դեմոկրատական արժեքենր դավանող գործիչ զբաղեցնի և չպետք է երկիրը հանձնել ֆաշիստներին։

Նա իշխանություններին մեղադրել է տնտեսությունում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ թուրքական ազգային արժույթի՝ թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկման հարցում վարած սխալ քաղաքականության, ինչպես նաև արտաքին ու ներքին քաղաքականության բացթողումների համար։ 

Փայլանը գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին և ազգայնական «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեներին քննադատել է իշխանությունների դեմ հստակ դիրքորոշում չունենալու և քրդամետ կուսակցության վերաբերյալ հակասական հայտարարություններով հանդես գալու համար։ 

  • Կիսվել: