երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պատրաստվենք ընդվզելու, հրապարակները լցնելու. Ժիրայր Սեֆիլյան

Պատրաստվենք ընդվզելու, հրապարակները լցնելու. Ժիրայր Սեֆիլյան

Վաղը հուլիսի 17-ն է. 2016 թվականի հուլիսի 17-ին Սասնա Ծռերի ապստամբությամբ սկսված ազատագրական գործընթացը ժողովուրդն իր ձեռքից բաց թողեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իհարկե, նկատի չունեմ այդ օրերին ապստամբների կողքին կանգնած մեր հայրենակիցներին։ Սակայն նրանց ընդվզումը բավարար չեղավ, քանի որ մեծ մասը սահմանափակվեց ապստամբության և ապստամբների հանդեպ ներքին համակրանքով։

Առանց չափազանցության, դա մի բացառիկ հնարավորություն էր։ Հետ նայելով ստիպված ենք ցավով արձանագրել, որ այդ հնարավորությունն անտեսելու և բաց թողնելու հետևանքով 4 տարի անց եղավ արհավիրք․ ունեցանք հազարավոր զոհեր և Հայրենիքի տարածքից մեզ համար շատ մեծ կորուստ։

Այդուհանդերձ, ապստամբության արթնացումի և ժողովրդի ոչ բավարար ակտիվության պատճառով ապստամբների բանտում հայտնվելու հանգամանքի պատճառներով սկսվեցին խորքային խմորումներ։ Արդեն ամիսներ անց առաջացավ մեծ լարում ընդդեմ ռեժիմի և համակարգի, որն իր գագաթնակետին հասավ 2018 թվականին։

Հակառակորդը՝ Մոսկվան, ուշադրությամբ հետևում էր զարգացումներին և, երբ տեսավ, որ տեղի է ունենալու համաժողովրդական ապստամբություն, կեղծ հեղափոխությամբ կանխեց համակարգի տապալումը և հնարավորություն ապահովեց Արցախն օտարելու և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը խլելու իր պլանն իրագործելու համար։

Այժմ կարող ենք ասել, որ արտաքուստ հակառակորդին հաջողվել է մեզ նորից տեղավորել իր պլանի շրջանակի մեջ՝ այդ փուլն ավարտելով բացառապես դավաճաններից ու խեղկատակներից բաղկացած խամաճիկների խորհրդարանի ու կառավարության ձևավորմամբ։

Սակայն այս երևույթը բերելու է ավելի խորքային արթնացման ու դիմադրության։ Եթե այն ժամանակ ապստամբների բանտում լինելու հանգամանքն էր ամեն օր սնուցում լարումն ու դիմադրության մղումը, ապա ներկայումս դա տեղի է ունենալու մեզ պարտադրված դավաճանական ու խամաճիկային խորհրդարանի գործունեության հետևանքով։ Այսպես կոչված նախկինների և ներկաների նկատմամբ կանխատեսելի գարշանքն ու թշնամական օտարացումը խորանալու է ամեն օր, ամեն ժամ։ Զուգահեռաբար ամրապնդվելու է այն համոզմունքը, որ դրանք նույնն են և գործում են ըստ Մոսկվայի միասնական պլանի։

Պետք է հասկանանք, որ այս անգամ չենք կարող բաց թողնել առաջացող հնարավորությունը, եթե ուզում ենք խուսափել նոր արհավիրքից։

Նաև պետք է հասկանանք, որ նախորդ անգամվա համեմատությամբ շատ բան է փոխվել։ Համակարգն էապես թուլացել է և քայքայման ընթացքի մեջ է։ Եվ, որ եթե նախորդ անգամ համաժողովրդական ընդվզման հասունացման համար անհրաժեշտ եղավ 2 տարի, ապա այս անգամ դա լինելու է ընդամենը ամիսների ընթացքում։

Ուստի պատրաստվենք ընդվզելու, հրապարակները լցնելու և քաղաքացիական անհնազանդության միջոցով կեղեքիչ համակարգին ժողովրդի կամքը պարտադրելու, որպեսզի վերջապես ձևավորենք ազգային կառավարություն և սկսենք կառուցել անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ ազգային պետություն»:

  • Կիսվել: