Պատմական դժվարությունների հետևանքները պիտի դարձնենք առավելություն՝ մեր պետության համար. Փաշինյան
Այսօր Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայերի սփռվածությունը մենք, որպես կանոն, ընկալում ենք որպես մեր պատմական դժբախտության հետևանք, բայց այս նոր ժամանակներում մենք փորձ պետք է անենք այդ մեր պատմական դժվարությունների հետևանքները դարձնել մի նոր առավելություն մեր ժողովրդի, պետության համար:
Վարչապետն ասաց. «Ուզում եմ ընդգծել, որ հայերը բոլոր երկրներում, որ եղել են, նպաստել են այդ երկրի շենացմանը, ավանդ են ունեցել այդ երկրի տնտեսության, մշակույթի, գիտության, կրթության մեջ, և սա, թերևս, մեր ազգի ամենաբնորոշ գիծն է»:
Ըստ Փաշինյանի` 2018-ից հետո ՀՀ-ում չի եղել մի փոփոխություն, որից տուժեն Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդի միասնականությունը: Նա վստահեցրեց, որ այդ փոփոխությունների պրոցեսը շարունակական է լինելու:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղադրած «Տասը մնասի առակը»` նշելով, թե այն պատահական չէր: Նա նշեց. «Մենք ուզում ենք մեր ժողովրդի առաջ հաշիվ տալու այդ եզրափակիչ պահին ասել` ահա, ներդրել ենք 10 մնասը, և ստացել ենք ուժեղ և հզոր Հայաստանի Հանրապետություն, ուժեղ և հզոր կրթություն, ուժեղ և հզոր տնտեսություն, ուժեղ և հզոր բանակ, ուժեղ և հզոր հատուկ ծառայություններ, ի վերջո, ժողովրդին ծառայելով` այդ ժողովրդին դարձրել ենք շատ ավելի հզոր և ուժեղ, շատ ավելի ինքնավստահ»:
Ինչ վերաբերում է առակին՝ նշենք, որ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում նոյեմբերի 17-ին հետևյալ գրառումն էր արել.
«Նոր Կտակարանի իմ ամենասիրած կտորներից մեկը:
Տասը մնասի առակը
Մի ազնուական մարդ գնաց հեռու աշխարհ՝ իր թագաւորութիւնը ստանալու եւ վերադառնալու համար։
13Եւ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տուեց եւ ասաց. «Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ»: (...)
15Եւ ազնուականը վերադարձաւ՝ իր թագաւորութիւնն ստացած, եւ կանչեց այն ծառաներին, որոնց տուել էր դրամը, որպէսզի իմանայ, թէ ով ինչ էր շահել։
16Եկաւ առաջինը եւ ասաց. «Տէ՛ր, քո մէկ մնասը տասը մնաս բերեց»։ 17Եւ տէրը նրան ասաց. «Ազնիւ եւ բարի ծառայ, քանի որ այդ փոքր բանի մէջ հաւատարիմ եղար, իշխանութիւն ունեցիր տասը քաղաքների վրայ»։
18Եկաւ երկրորդը եւ ասաց. «Քո մէկ մնասը հինգ մնաս բերեց»։ 19Տէրը նրան ասաց. «Դու էլ՝ հինգ քաղաքների վրայ»։
20Միւսն էլ եկաւ եւ ասաց. «Տէ՛ր, ահա քո մնասը, որ թաշկինակի մէջ ծրարած պահում էի. 21վախենում էի քեզնից, որովհետեւ խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, եւ հնձում ես, ինչ որ չես սերմանել»։
22Եւ տէրը նրան ասաց. «Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհաւատարի՛մ ծառայ. գիտէիր, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել եւ հնձում եմ՝ ուր չեմ սերմանել։23Հապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտուիր, որպէսզի ես, գալով, տոկոսներով միասին պահանջէի այն»։
24Եւ սպասաւորներին ասաց. «Վերցրէ՛ք դրանից մէկ մնասը եւ տարէ՛ք տուէք նրան, ով տասը մնաս ունի»։ 25Եւ ծառաները ասացին նրան. «Տէ՛ր, արդէն նա տասը մնաս ունի՛»։ 26- Ասում եմ ձեզ, թէ՝ «Ով որ ունի, նրան պիտի տրուի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցուի եւ այն, ինչ որ ունի»։
Ավետարան ըստ Ղուկասի»: