հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հետամուտ է լինելու ողբերգության իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հետամուտ է լինելու ողբերգության իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Հայտարարությունում ասվում է. «ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը պետական կառավարման համակարգի փլուզման, Զինված ուժերում առկա բարձիթողի վիճակի և ռազմաքաղաքական իշխանության՝ բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է:

Հայաստանի այս իշխանությունը մեր ժողովրդին միայն մահ ու աղետ է բերում, իսկ գլխատված բանակի պայմաններում, ցավոք, այսպիսի ողբերգությունները մեր իրականության մեջ անխուսափելի են դարձել:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն իր ցավակցություններն է հայտնում զոհված 15 զինծառայողների ընտանիքներին, մտերիմներին և ծառայակից ընկերներին, իսկ վնասվածքներ ստացած զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հետամուտ է լինելու ողբերգության իրական մեղավորներին իրավական ու քաղաքական պատասխանատվության ենթարկելու հարցում»:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

 

  • Կիսվել: