ՔՊ-ական պատգամավորը ներկայացրեց Սոչիում սպասվող եռակողմ հանդիպմանը հայկական կողմի օրակարգն ու ակնկալիքը
Սոչիում հոկտեմբերի 31-ին նախատեսվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը հայկական կողմի օրակարգն է լինելու վերջին 1 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալը, ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ խոսակցությունները, եռակողմ հայտարարությունների կատարման ընթացի վերլուծությունը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Իսկ ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանից ՀՀ օրակարգն է ցանկացած հարթակում: Դա Հայաստանի համար կարմիր գիծ ու պահանջ է:
Անդրադառնալով բանակցություններից առաջ հայկական կողմի հնարավոր նախապայմանի վերաբերյալ հարցին՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ առհասարակ որևէ բանակցություններում ցանկացած նախապայման, մանավանդ այս գերլարված իրավիճակում, նշանակելու է գործընթացների սառեցում և կանգնեցում, ինչը խիստ վտանգավոր է: Հայկական կողմը Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջը հնարավոր հարթակներում ներկայացնում է:
«Պահանջը ներկայացնում են նաև մեր միջազգային գործընկերները՝ շատ կոնկրետ և հասցեական: Եվ մենք հույս ունենք, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը վերջիվերջո զորքերը հետ կքաշի ելման դիրքեր: Եվ բանակցությունների գործընթացում այս պահանջները միմյանց հետ զուգահեռ են ընթանում: Մենք հույս ունենք, որ երբ գա մի պահ, երբ հնարավոր կլինի որևէ տեքստի շուրջ խոսել խաղաղության պայմանագրի վերաբերյալ և որևէ գործնական քայլի անցնել, այդ պահի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը դուրս կգան Հայաստանի սուվերեն տարածքից և կդադարեցնեն հայկական հողերի օկուպացիան»,-եզրափակեց պատգամավորը:


