երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պատերազմում պարտվել ենք, քանի որ մեր բանակում գործել է «հինգերորդ շարասյուն»․ Նիկոլ Փաշինյան

Պատերազմում պարտվել ենք, քանի որ մեր բանակում գործել է «հինգերորդ շարասյուն»․ Նիկոլ Փաշինյան

Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմում պարտվել ենք այն պատճառով, որ մեր բանակում գործել է «հինգերորդ շարասյուն»։ Այս մասին մարտի 14-ի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում։ Կարծում եմ առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, որքան թվացել է», - նշեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ այսօրվա դրությամբ ՀՀ զինված ուժերի 50-ից ավելի նախկին զինծառայող, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ։

«Այսօր մենք կալանքի տակ ունենք բարձրաստիճան զինվորականներ այլ հոդվածներով։ Օրինակ՝ հողեր հանձնեու մեղադրանքով մեզ մոտ բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ, մեզ մոտ բարձրաստիճան զինվորական կա, որը մեղադրվում է Շուշիի գործում, և երբ դատարանը որոշեց կալանավորել այդ գործով, զարմանալի բան տեղի ունեցավ։ Ամենատարբեր մարդիկ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից դատաիրավական համակարգին այլ ձևերով միջնորդություններ են ներկայացնում, որ այսինչ մարդուն կամ մարդկանց կալանքից ազատեն։ Իմ ռեակցիան այդ ամեն ինչին հետևյալն է․ ժողովուրդ ջան, դուք չէ՞իք ասում, որ պետք է բացահայտվի, պարզաբանվի, թե ով ինչ է արել, ի՞նչ է տեղի ունեցել ռազմի դաշտում, թե Շուշին ո՞նց է ընկել, ո՞վ է տվել Շուշին։ Բա հիմա ինչու եք բոլորդ ուզում, որ այդ գործերը փակվեն, չգնան առաջ, ազատվեն մարդիք։ Ինչի՞ համար։ Որ ասե՞ք դավաճան վարչապետը Շուշին հանձնե՞ց։ Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այդ ամեն ինչի խորքային նպատակն իրականում դա է եղել։ Եթե դա լիներ քաղաքական իշխանության դեմ հնարավոր գործողություն, դեռ ոչինչ, բայց դա պետության և պետականության դեմ է, Հայաստանի անկախության դեմ է այդ ամեն ինչը։

Մի օրինակ բերեմ․ 2021 թվականի մայիսի 10-ին կառավարության հրաժարականը վերջնականապես ուժի մեջ է մտնում և արձանագրվում է, որ առաջիկայում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մայիսի 12-ին Ադրբեջանը ներխուժում է իրականացնում Սոթք-Խոզնավար հատվածում։ Մենք այսօր բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ ունենք այդ թեմայով կալանավորված։ Կալանավորված է մի բանի համար, որ դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար», - ասաց վարչապետը։

  • Կիսվել: