կիրակի, նոյեմբեր 15
15 / 11 / 2026
Պատերազմի վտանգ միշտ էլ կա, պարտությունների շարանը շարունակական է լինելու, երբ երկրի իշխանության ղեկին պարտված մարդիկ են. Սեյրան Օհանյան

Պատերազմի վտանգ միշտ էլ կա, պարտությունների շարանը շարունակական է լինելու, երբ երկրի իշխանության ղեկին պարտված մարդիկ են. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պնդում է՝ իշխանությունը ճշմարտությունը չի ասում, թե որքան տարածք է օկուպացրել Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքից:

Հիշեցնենք՝  ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը երեկ հայտարարել էր, թե Ադրբեջանը Հայաստանի տարածքից մոտ 127 քառակուսի կմ է օկուպացրել, մինչդեռ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե Ադրբեջանը 10 քառակուսի կիլոմետր է օկուպացրել:

«Ցավալի է, բայց պարտությունների շարանը շարունակական է այսօր Հայաստանում», - Ազգային ժողովում հայտարարեց նա:

Օհանյանը նշեց՝ ՀՀ զինված ուժերը պետք է ճշգրիտ հաշվարկ կատարի ու ներկայացնի հանրությանը, թե տարածքների ինչ կորուստ է եղել:

«Ես միայն կարող եմ ասել, որ վերջին բախման ժամանակ, ասում են, մոտ 50 դիրքի կորուստ ենք ունեցել», - ասաց նա:

Պաշտպանության նախակին նախարարը նշեց՝ պատերազմի վտանգ միշտ էլ կա:

«Պատերազմի վտանգ միշտ էլ կա, պարտությունների շարանը շարունակական է լինելու, երբ երկրի իշխանության ղեկին պարտված մարդիկ են: Ճնշումներն այն ուղղությամբ են, որ վերջնականապես կատարվի Ադրբեջանի ու Թուրքիայի կամքը՝ միջանցք բացվի ՀՀ տարածքով, իսկ Հայաստանի իշխանությունը չի հասկանում, որ ինչքան տաս, հակառակորդն այնքան շատ ուզելու է», -  ընդգծեց Օհանյանը:

  • Կիսվել: