ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պաշտոնն այս պահին թափուր չէ. ՔՊ պատգամավորը՝ նախագահի թեկնածու ներկայացնելու մասին

Պաշտոնն այս պահին թափուր չէ. ՔՊ պատգամավորը՝ նախագահի թեկնածու ներկայացնելու մասին

Արդյոք իշխող ուժն արդեն ունի՞ ՀՀ նախագահի թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ ճեպազրույցում հարցրին լրագրողները:

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնել է հրաժարական տալու իր որոշման մասին:

«Այս պահին ընթացող իրավակարգավորումներով դեռևս 5-6 օր ժամանակ կա, այսինքն՝ Հայաստանն ունի փաստացի նախագահ, և այդպիսի իրավիճակում ժամանակավրեպ ենք համարում քննարկել նման հարց, որովհետև օրենքը հնարավորություն է տալիս դիմումը հետ վերցնելու: Հարցին կանդրադառնանք այն պահին, երբ պաշտոնը թափուր կլինի: Պաշտոնն այս պահին թափուր չէ»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Պապոյանն ավելացրեց, որ ՀՀ նախագահ կլինի այն մարդը, որը կլինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն:

Նշենք, որ եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ԱԺ նախագահը նրա լիազորությունների դադարման մասին արձանագրություն կկազմի և կստորագրի: Հրապարակման պահից հրաժարականը կհամարվի ընդունված:

  • Կիսվել: