Սյունիքը Հայաստանից կտրված չէ․ Փաշինյանը ներկայացրեց՝ ինչ պատճառաբանությամբ են ադրբեջանցիները փակել Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում անդրադարձավ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին:
«Հիմա տեղի է ունեցել հետևյալը. այն հատվածներում (21 կիլոմետրանոց հատվածի մասին է խոսքը), որը ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս է եղել, ադրբեջանցիները եկել, փակել են՝ որպես պատճառ բերելով, թե նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել, հայկական կողմից մարդիկ են մտել, դանակահարել են ադրբեջանցի սահմանապահներին:
Մենք պաշտոնապես ասում ենք՝ դանակահարության վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց վարչապետը՝ ադրբեջանական կողմին կոչ անելով հիմնավորումներ ունենալու դեպքում տեղեկությունները փոխանցել ՀՀ-ին, որ այստեղ կարողանանք հետաքննել ու պարզել իրողությունը:
Ըստ նրա՝ ճանապարհի այդ հատվածում տեղի ունեցածը հակասում է ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև եռակողմ պայմանավորվածությանը:
«Անկախ այս իրավիճակից, դեռ 2019 թվականից, առավել ևս 2021 թվականից ակտիվ աշխատանքներ ենք անում այնտեղ եղած այլ՝ Կապան-Աղվանի ճանապարհն ասֆալտապատելու ուղղությամբ։ Այն մեծ տեմպերով ասֆալտապատում ենք։ Նորմալ, գրունտային ճանապարհ կա։ Ես նկատի ունեմ՝ Սյունիքի մարզը, իհարկե, Հայաստանից կտրված չէ»,- նշեց նա:


