հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Փաշինյանը մասնակցեց Սպիտակում Քըրք Քըրքորյանի կիսանդրիի հանդիսավոր բացմանը

Փաշինյանը մասնակցեց Սպիտակում Քըրք Քըրքորյանի կիսանդրիի հանդիսավոր բացմանը

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում հանդիսավորությամբ բացվեց ամերիկահայ գործարար, բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, հոգևորականներ, հյուրեր:

Արձանի հեղինակը քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանն է: Նա լրագրողների հետ զրույցում պատմեց, որ առիթ ունեցել է Քըրք Քըրքորյանի հետ հանդիպելու և նվիրելու իր նախկինում արած քանդակը:

«Ես շատ եմ լսել Քըրք Քրքորյանի մեծ գործերի, բարերարությունների մասին և ինքս ինձ համար որոշեցի քանդակել նրան, առանց որևէ սպասումների: Մտածում էի, թե երբ պետք է նա գա, որ նվիրեմ: Անցնում են տարիներ, և ես մի օր հեռուստացույցով տեղեկանում եմ, որ նա ժամանում է Երևան: Հաջորդ օրը գնացի այն հյուրանոց, որտեղ Քըրքը մնում էր, տարա քանդակը, նա այնտեղ չէր, կանգնած սպասում էի: Վերադարձավ, աստիճաններով բարձրանալիս, երբ քանդակը տեսավ, ծնկի իջավ և ասաց շատ-շատ լավ է: Նա հիացած էր այդ աշխատանքով: Տարավ այդ գիպսե քանդակը, սակայն իմ մեջ մնաց մի զգացողություն, որ ինչ-որ մի բան կիսատ է»,-ասաց Լևոն Թոքմոջյանը:

Քանդակագործը երազում էր, որ ինչ-որ մի ծրագիր իրագործեր մեծանուն բարերարի հետ կապված: Այլևս Քըրք Քըրքորյանին չհանդիպեց, և տարիներ անց հնարավորություն եղավ պատրաստել մեծ բարերարի քանդակը և այն տեղադրել Սպիտակում:

Քանդակագործը պատրաստվում է առաջիկայում քանդակել աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի արձանը:  

  • Կիսվել: