Փաշինյանն իր առաքելությունը կատարել է. Մարուքյան
Նիկոլ Փաշինյանն իր առաքելությունը կատարել է, նա իր գործն արել է և դրանից հետո, երբ որ հիմա նա առավոտյան արթնանում է, այլևս բան չունի անելու: Այս մասին #bRightTalk հաղորդման տասներորդ մասի ժամանակ ասաց ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ վարչապետը տնտեսության մասնագետ չէ, պետական կառավարման մասնագետ չէ, նրանից ակնկալել, որ տնտեսությունը ոտքի է հանելու, ըստ ԼՀ խմբակցության ղեկավարի, սխալ է:
Ըստ Մարուքյանի՝ Փաշինյանի առաքելությունը եղել է նախկին ռեժիմի տապալումը. ՛՛Նիկոլ Փաշինյանը մի գործ է արել, որով որ ամեն ինչ ասվել է, դրանից հետո նա պետք է ինչ-որ ձև գտներ և ներգրավեր մարդկանց, ովքեր ոչ թե քանդարարներ են (քանի որ իրենք, իմա՝ հեղափոխություն իրականացնողները ռեժիմի քանդարարներ են), այլ կառուցողներ են՛՛։
Խոսելով այն մասին, թե որն է այստեղ այդ դեպքում ՛՛Լուսավոր Հայաստանի՛՛ անելիքը՝ Մարուքյանն ասաց. ՛՛Քանի որ մենք քանդարարի այդ գործի մեջ լավ չենք և չենք կարողանում քանդել, մենք կառուցող ուժ ենք, ես մեր անելիքը տեսնում եմ հաջորդ էտապում, կառուցելու էտապում։ Քանդելու էտապը դեռևս շարունակվում է, քանդվում են համակարգեր՝ մեկը լավ, մեկը վատ, բնականաբար, դրա հետ լավ բաներ էլ են քանդվելու և քանդվում են, բայց այդպիսին է հեղափոխության տրամաբանությունը՛՛:
Նրա խոսքով՝ շատ դեպքերում ներկայիս իշխանության գործողությունները շատ ավելի ՛՛բեթար՛՛ են, քան նախկիններինը: ՛՛Բայց արդյոք դա հի՞մք է, որ մեկն առավոտյան արթնանա, պահանջի վարչապետի հրաժարական, և վարչապետը հրաժարական տա, կամ ինչ-որ մեկը կոչ անի հավաքվել Հանրապետության հրապարակում, և մի 150 հազար հոգի տներից դուրս գա և գա հրապարակ, իմ կարծիքով` ոչ՛՛,-ասաց Մարուքյանը:
Ըստ նրա՝ նախ պետք է կառուցվի եղած իշխանության այլընտրանքը, մինչդեռ Փաշինյանի իշխանությունը, Մարուքյանի խոսքով, չունի մտադրություն և քաղաքական կամք՝ ստեղծելու մի համակարգ, որտեղ կա ընդդիմություն իր դեմ։


