հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Փաշինյանի քարոզարշավի ֆինանսավորման և թոշակների կրճատման մասին պնդումները կեղծ են

Փաշինյանի քարոզարշավի ֆինանսավորման և թոշակների կրճատման մասին պնդումները կեղծ են

Եթե այս պահին X սոցիալական հարթակում լատինատառ որոնեք «Փաշինյան» ազգանունը, արդյունքների մեջ կարող եք տեսնել ոչ հայ օգտատերերի կողմից տարածվող նույնաբովանդակ կեղծ հրապարակումներ։ Դրանք ներկա պահին վերաբերում են Նիկոլ Փաշինյանի առողջությանը, իշխանության կողմից քվեարկության կեղծմանը և մի շարք այլ թեմաների, գրում է Հետքը:

X սոցիալական հարթակում տարածվող անգլերեն տեսանյութը, թե ԵԱՏՄ թվայնացման բյուջեից 11 միլիոն դոլար է վերաուղղվել վարչապետի նախընտրական արշավին, ինչի պատճառով Հայաստանում կենսաթոշակները կրճատվելու են 25 %-ով, իսկ թոշակի տարիքը բարձրանալու է մինչև 67 տարեկան, չի համապատասխանում իրականությանը։ Ֆինանսական միջոցների վերաուղղման և ընտրարշավի ֆինանսավորման վերաբերյալ պնդումը չի հաստատվում, իսկ ՀՀ իրավական և բյուջետային համակարգում կենսաթոշակների կրճատումների կամ տարիքային շեմի բարձրացման որևէ նախագիծ կամ քննարկում չկա։

Ի՞նչ պնդումներ են արվում տարածվող տեսանյութում
և ե՞րբ է սկսվել տարածումը

Համացանցում շրջանառվող տեսանյութում ասվում է, թե ՀՀ հաշվեքննիչ պալատից գաղտնի փաստաթղթի արտահոսք է եղել, որը հրապարակել են հայ լրագրողները:

«Համաձայն փաստաթղթի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեփական նախընտրական արշավը ֆինանսավորում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջոցներից, որոնք հատկացվել էին թվայնացման ծրագրերի իրականացման համար։ Հատկացված 48 միլիոն ԱՄՆ դոլարից առնվազն 11 միլիոնը վերաուղղվել է քարոզչական գործունեություն իրականացնելու և կառավարության գործող ղեկավարին սատարող ընտրական նյութեր պատրաստելու համար։ Իր հերթին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը հաստատել է, որ թվայնացման բյուջետային դեֆիցիտը կփակվի կենսաթոշակային համակարգի հաշվին։ Սա անխուսափելիորեն կպահանջի, որ հաջորդ տարվա սկզբից կենսաթոշակային տարիքը բարձրացվի մինչև 67 տարեկան, իսկ կենսաթոշակները կրճատվեն 25%-ով։ Ըստ նախարարի տեղակալի՝ նման միջոցառումները հարկադրված են և անհրաժեշտ՝ առկա բյուջետային դեֆիցիտը փակելու համար»։

Տեսանյութն առաջին անգամ տարածվել է DK (@1Nicdar) անվամբ օգտատիրոջ կողմից մայիսի 16-ին՝ ժամը 2:09-ին: Իբրև ԱՄՆ նախագահ Թրամփի աջակից ու «հպարտ ամերիկացի» ներկայացող այս օգտատիրոջ էջում, որն ունի մոտ 458 հազ. հետևորդ, հրապարակումն արձանագրել է շուրջ 1,3 միլիոն դիտում:

Ընդամենը մեկուկես ժամ անց՝ 3:26-ին, նյութը նույնությամբ տարածվել է THE REAL DARK JUDGE (@ROYALMRBADNEWS) էջով, որտեղ հավաքել է 2,1 միլիոն դիտում (այս օգտատերն էլ ներկայանում է Լոնդոնից, ունի մոտ 84 հազ. հետևորդ):

Շարունակություն՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: