չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Փաշինյանի առաջարկում տրանսպորտային միջանցքի ապաշրջափակման տրամաբանություն ես չտեսա. Լավրով

Փաշինյանի առաջարկում տրանսպորտային միջանցքի ապաշրջափակման տրամաբանություն ես չտեսա. Լավրով

Վերջին օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն իսկապես հանրային մեկնաբանություններում անդրադարձել են Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ կապի հաստատման թեմային. վարչապետ Փաշինյանն ինչ-որ տեղ ասել է, որ Հայաստանը կտրականապես դեմ է Զանգեզուրի միջանցքին։ Զանգեզուրի միջանցքի մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածության շրջանակում, որը ձեռք է բերվել  ՌԴ, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի միջեւ։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ հայտարարությունում, որը ստորագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ին եւ որը կանգնեցրել է պատերազմը, ասված է, որ կապաշրջափակվեն բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը եւ այլն, որ Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ երկու ուղղություններով։ Իսկ այդ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։

«Ահա սա է ամբողջ մեջբերումն այն փաստաթղթից, որը եռակողմ ձեւաչափով ստորագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ին։ Եվ այն, ինչ ասել է պարոն Փաշինյանը, որ ահա նա ցանկանում է նույնպիսի պայմաններ Հայաստանով տարանցման համար, որոնք կօգտագործվեն Ադրբեջանից Նախիջեւան տարանցման դեպքում Իրանով... ես այստեղ ոչ մի տրամաբանություն չտեսա, անկեղծ ասած, հազիվ թե տեղին է այս երթուղիները համեմատելը։ Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որն ստեղծվել է 2021թ. Հայաստանի, ՌԴ եւ Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով, պայմանավորվել են, որ բոլոր կապերի եւ երթուղիների ապաշրջափակման դեպքում երկրները, որոնց տարածքով անցնելու է ցանկացած ապաշրջափակված երթուղի, լիովին պահպանելու են իրենց ինքնիշխանությունն ու իրավադատությունն այդ երթուղիների հանդեպ իրենց տարածքում։

2023թ. հունիսին, փոխվարչապետերի մակարդակով, նրանք պայմանավորվեցին այն մասին, որպեսզի վերականգնեն նման հաղորդակցությունը, սկզբում՝ երկաթուղայինը. դա համաձայնեցվեց, քննարկվեց նախագահ Պուտինի հետ Երեւանում, երբ նա այցելել էր այնտեղ, առանձին՝ Փաշինյանի հետ, ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակում։ Ես հիանալի հիշում եմ, որ դա բավական դրական ընդունվեց, բայց հետո ամեն բան ինչ-որ տեղ «գնաց»։

Մենք իհարկե հասկանում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածություններից նման նահանջները հազվադեպ բան չեն, եւ թե ինչն է խանգարել այդ պայմանավորվածություններն ավարտել թղթի վրա, Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ շարժումը բացելու սկզբունքների մասին՝ ես չգիտեմ։ Մենք միայն լավ գիտենք, որ արեւմտյան բարեկամների բարի խորհուրդները միշտ առկա են Հարավային Կովկասում, եւ այդ խորհուրդները, երբեմն,  ընկալվում են գործընթացի այս կամ այն մասնակցի կողմից։

Բայց այն, որ Արեւմուտքի խորհուրդները ուղղված են միշտ պայմանավորվածություններ չգտնելուն տարածաշրջանի երկրների միջեւ՝ նրանց շահերի հավասարակշռության հիման վրա, այլ ուղղված են իրենց աշխարհաքաղաքական խնդիրների առաջմղմանը, դա նույնպես մեզ հայտնի է, եւ ես համոզված եմ, որ նման հաղորդակցության վերականգնման այլընտրանք գոյություն չունի, դրա պարամետրերը ամրագրված են եռակողմ պայմանավորվածությունում. երթուղին անցնում է  Հայաստանի ինքնիշխան տարածքով, ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության վերահսկողությամբ, այստեղ էլ համաձայնեցվել են սահմանապահ եւ մաքսային վերահսկման ընթացակարգերը Հայաստան եւ Ադրբեջան մտնելիս եւ Հայաստանից ադրբեջանական Նախիջեւան դուրս գալիս»,- հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: