երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փակում ենք էս կարգի մեքենաների ճանապարհը. Փաշինյանը՝ աջ ղեկով մեքենաների մասին

Փակում ենք էս կարգի մեքենաների ճանապարհը. Փաշինյանը՝ աջ ղեկով մեքենաների մասին

Եկեք պայմանավորվենք, որ էս խմբաքանակն էլ դուրս է գալիս, ու ընդհանրապես փակում ենք էս կարգի մեքենաների ճանապարհը: Այս մասին այսօր կառավարության նիստին ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նիստի ժամանակ ընդունված նախագծին, որով նախատեսվում է «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը լրացնել թեթև մարդատար ավտոմոբիլների տողով:

Նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան ու իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը ներկայացնելիս նշեց, որ մաքսազերծելուց հետո դրանք կարող են հաշվառել ՀՀ ոստիկանությունում ու ազատ շահագործել ՀՀ տարածքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իրենք ընդհանրապես արգելել էին աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը, ու ստացվել էր այնպես, որ բազմաթիվ քաղաքացիներ բերում էին ու Վրաստանի տարածքում աջակողմյանը փոխում էին ձախակողմյանի:

«Ժամանակավոր ներկրման ռեժիմով կարող են բերել, ղեկային կարգավորումը փոխել, որից հետո հաշվառվի ու թույլատրվի շահագործումը: Պետք է արձանագրենք, որ այդ ընթացքում հնարավորություն չեն ունենալու շահագործել, ու շահագործելու դեպքում տուգանքների խնդիր կբացվի: Եկեք պայմանավորվենք, որ մենք ընդառաջ ենք գնում, բայց չարաշահումների փորձ, հույս ունենք, չի լինի»,-ասաց վարչապետը:

 

  • Կիսվել: