հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Պահանջում ենք ապահովել Լիպարիտ Դրմեյանի բոլոր իրավունքները, կանխել իշխանության ղեկավարի հայտարարությունների ազդեցությունը վարույթի ընթացքի վրա․ «Միասնության թևեր»

Պահանջում ենք ապահովել Լիպարիտ Դրմեյանի բոլոր իրավունքները, կանխել իշխանության ղեկավարի հայտարարությունների ազդեցությունը վարույթի ընթացքի վրա․ «Միասնության թևեր»

Միասնության Թևեր» կուսակցությունը խստորեն դատապարտում է ՀՀ կառավարության ղեկավարի՝ մեր կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ հրապարակային մեղադրանքները և իրավապահ մարմիններին ուղղված բացահայտ քաղաքական հրահանգը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության Թևեր» կուսակցության հայտարարությունը:

«Կառավարության նիստից հետո վարչապետը, հերթական անգամ դուրս գալով իր սահմանադրական լիազորությունների շրջանակից, զրպարտել է մեր գործընկերոջը, նրան վերագրել մասնավոր շահերի սպասարկում, տեղեկությունների փոխանցում և ենթադրյալ այլ հակաիրավական գործողություններ, ապա իրավապահ մարմիններին փաստացի հրամայել է ստուգել նրա բանկային հաշիվներն ու ունեցվածքը։

Սա կառավարության ղեկավարին բնորոշ՝ անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հրապարակային հերթական քաղաքական պատվերն է։

Առանձնապես վտանգավոր է, որ Փաշինյանն իր առաջադրած մեղադրանքները բացահայտորեն շաղկապել է Լիպարիտ Դրմեյանի՝ «Միասնության Թևեր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվելու և ընդդիմադիր քաղաքական գործունեության հետ։ Դրանով իշխանության ղեկավարը բաց տեքստով հաղորդել է, որ անձի քաղաքական ընտրությունը կարող է նրա նկատմամբ իրավապահ համակարգի գործադրման հիմք դառնալ։

Իրավական պետությունում կառավարության դիրքորոշմանը հակասող փաստաթուղթ կազմելը, վարչապետի ցանկալի եզրակացությունը չարձանագրելը կամ մասնագիտական այլ տեսակետ ներկայացնելը հանցագործություն չէ։ Պետական ծառայողը պարտավոր է ծառայել օրենքին և պետությանը, ոչ թե որևէ պաշտոնատար անձի քաղաքական կամքին։

Զարմանալի չէ, որ Գլխավոր դատախազությունը գրեթե անմիջապես ընթացք տվեց Փաշինյանի հայտարարությանը։ Նման օպերատիվ արձագանքն առնվազն հիմնավոր ենթադրություն է առաջացնում, որ այս գործողությունը նախապես ծրագրված և համաձայնեցված էր, ինչն էլ խորացնում է կասկածը, որ գործ ունենք ոչ թե անկախ քննության, այլ քաղաքական պատվերի կատարման հետ։

Փաշինյանի այս վարքագիծը պետական ինստիտուտների ապականման, իրավապահ մարմինների քաղաքական գործիքավորման և ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարի քաղաքականության հերթական դրսևորումն է։ Սա նաև ուղիղ ազդակ է պետական համակարգի բոլոր մասնագետներին՝ կառավարության ղեկավարի կամքին չհամապատասխանող մասնագիտական դիրքորոշումը կարող է հետագայում ներկայացվել որպես հանցագործություն։

«Միասնության Թևեր» կուսակցությունը պահանջում է Գլխավոր դատախազությունից և իրավապահ բոլոր մարմիններից գործել բացառապես օրենքով, չկատարել քաղաքական հրահանգներ և հրապարակայնորեն ներկայացնել, թե կոնկրետ ինչ փաստական և իրավական հիմքով է ընթացք տրվել Փաշինյանի հայտարարությանը։

Պահանջում ենք ապահովել մեր գործընկերոջ՝ Լիպարիտ Դրմեյանի բոլոր իրավունքները, բացառել նրա նկատմամբ որևէ ապօրինի ճնշում, գաղտնի կամ հրապարակային հետապնդում և կանխել իշխանության ղեկավարի հայտարարությունների ազդեցությունը վարույթի ընթացքի վրա։

Նիկոլ Փաշինյանը քաղաքական և անձնական պատասխանատվություն է կրում այս հրապարակային հաշվեհարդարի պատվերի, անմեղության կանխավարկածի ոտնահարման և իրավապահ մարմիններին հրահանգավորելու համար։

Հայտարարում ենք, որ Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ ցանկացած գործողություն դիտարկելու ենք Փաշինյանի այս հրապարակային մեղադրանքի և քաղաքական հրահանգի համատեքստում։ Կուսակցությունը կօգտագործի բոլոր ներպետական և միջազգային իրավական ու քաղաքական մեխանիզմները՝ Լիպարիտ Դրմեյանի իրավունքները պաշտպանելու և քաղաքական հետապնդման յուրաքանչյուր փորձ կանխելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: