երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Ryanair-ի պահակի հետ է հանդիպում․ ամենաստոր բաներն էին գրում ինձ՝ Տաթեւիկ Ռեւազյանի մասին. Փաշինյան

Ryanair-ի պահակի հետ է հանդիպում․ ամենաստոր բաներն էին գրում ինձ՝ Տաթեւիկ Ռեւազյանի մասին. Փաշինյան

Այն պահից, երբ Տաթեւիկ Ռեւազյանը նշանակվել է կոմիտեի ղեկավար, առաջին օրից սկսվել է ամենստոր լրատվական արշավը այդ կնոջ նկատմամբ, 90 եւ ավելի տոկոսով կազմակերպված են եղել ներսի պաշտոնյաների կողմից։ Այդ մասին այսօր Կապանում հրավիրած իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով երկրում առկա փոփոխություններից՝ վարչապետն օրինակ բերեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործունեությունը.

«Այդ փոփոխությունը տեղի է ունեցել, ի հեճուկս Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի։ Ամենաստոր բաներն էին գրում ինձ՝ Տաթեւիկ Ռեւազյանի մասին. գնում, խայտառակում է մեր երկիրը, գնում է Ryanair-ի պահակի հետ հանդիպում է, գալիս ձեզ սխալ ներկայացնում է, թե ինքը որեւէ պաշտոնյայի հետ է հանդիպում, մարդիկ ծիծաղում են մեզ վրա։ Ազգային անվտանգության հարց ներկայացնող հարցերը չեն զեկուցել կոմիտեի ղեկավարին, սա պարզ օրինակ է, որ փոփոխությունները տեղի են ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում փոփոխություններ են եղել այդ ոլորտի պաշտոնական եւ մասնագիտական «շրջանակների» շնորհիվ.

«Եվ թող ՀՀ բոլոր քաղաքացիներն իմանան, որ այս փոփոխությունները, կոնկրետ ավիացիայի ոլորտում, տեղի են ունեցել ի հեճուկս՝ այդ ոլորտի պաշտոնական շրջանակների եւ նրանց շրջապատող մասնագիտական շրջանակների. ինչով կարողացել են, խանգարել են, վարկաբեկել են, որտեղ կարողացել են՝ անիվների մեջ փայտ են մտցրել են»։

Վարչապետն ասաց, որ իր նախաձեռնությամբ այդ անձինք աշխատանքից հեռացվել են. «Եվ  ասել եմ՝ չտեսնեմ, որ այդ մարդիկ պետական-կառավարման համակարգին մոտ գան։ Ես զարմանում եմ, որ մինչւ հիմա Տաթեւիկ Ռեւազյանը շատերի նկատմամբ ներողամիտ է»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ քաղաքացիների կյանքում փոփոխությունն այն է, որ հիմա կարող են 50 եվրոյով մեկնել Հռոմ եւ հետ վերադառնալ։

  • Կիսվել: