չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է․ Լավրով

Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է․ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը երկրի անվտանգության շահերի երաշխավորման համար կարևոր բաղադրիչ է համարում՝ միաժամանակ, ընդգծելով, որ Մոսկվան շահագրգռված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Երևանի ակտիվ մասնակցության վերականգնմամբ։    

ՌԴ ԱԳ նախարարն այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ ամփոփելով հայ գործընկերոջ հետ անցկացրած բանակցությունները։ 

«Այս տարի լրանում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի ստեղծման 30-ամյակը, որը երկրի անվտանգության շահերի երաշխավորման համար կարևոր բաղադրիչ է։ Մենք կողմ ենք զինվորականների, իրավապահների, անվտանգության ծառայությունների միջև սերտ շփումներին։ Այդ ամենը պետք է հիմնվի այն նախորդ տարիների հարուստ փորձի վրա, որը կուտակվել է։ Շահագրգռված ենք նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի ակտիվ մասնակցությամբ»,-նշել է Լավրովը։ 

ՌԴ արտգործնախարարը նաև նշել է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումներն անցած տարվա աշնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունների արդյունք են, որոնք միտված են փոխադարձ գործակցության տեմպերը վերականգնելուն։  

Լավրովը, անդրադառնալով ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությանն, ասել է, որ այն վերջին մեկ տարում հասել է 1.6 մլրդ դոլարի։ 

«Փոխադարձ առևտրի 96 տոկոսն այսօր իրականացվում է ազգային արժույթներով։ Ռուսական տնտեսական օպերատորներն ավանդաբար հանդես են գալիս Հայաստանում որպես հիմնական հարկատուներ և գործատուներ և իրականացնում են սոցիալական  նշանակալի ծրագրեր»,– նշել է ՌԴ ԱԳ նախարարը։ 

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ, բավարարված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների արդյունքներից, քանի որ խոսել են անկեղծ և բաց։  

Ռուսաստանի ԱԳ նախարարը, անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակին, նշել է, որ հենց տարածաշրջանային երկրներն են, որ պետք է լուծեն և բանակցեն տարածաշրջանում ի հայտ եկող խնդիրներն ու մարտահրավերները։ 

 

  • Կիսվել: