Ովքեր ժամանակին մեծ-մեծ խոսում էին, այդ թվում նաև երրորդ նախագահը, թող մի բան կարողանա անել. Խաչատուր Սուքիասյան
2018 թվականի հեղափոխությունից հետո հասկացանք, որ նորից հնարավոր է քաղաքական համակարգ լինի, հավասար պայմաններ լինեն, օրենքը գործի, ոչ մի թաղային հեղինակություն. այս մասին Աբովյանում տեղի է ունեցող «Էյ Դի Էլ Դայմոնդս» ադամանդի վերամշակման նոր գործարանի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է գործարար, «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանը:
Գործարարը նաև հայտնել է, որ գործընթաց է գնում, աշխատակիցները, ովքեր աշխատել են «Բջնի» գործարանում, հարցաքննության են կանչվել. «Գործարանը պետք է իրավական ճանապարհով ետ վերադարձվի: Այն իրավական ճանապարհով չի վերցվել: Իսկ հիմա այն ինչ տեղի է ունենում, դրա հակառակն է, ինչ եղել է տարիներ շարունակ»:
Սուքիասյանը խոսեց ներկայում երկրում տիրող սկզբունքի վերաբերյալ.
«Մինչև 98 թվականը եղել է այնպիսի քաղաքական համակարգ, որն ունեցել է նման ցանկություն, սակայն կատարել է բավականին մեծ սխալներ, ինչից հետո, երբ քաղաքական համակարգը փոխվել է, Հայաստանը լրիվ այլ ճանապարհով է գնացել: Պաշտոնյաները, ովքեր ժամանակին մեծ-մեծ խոսում էին, այդ թվում նաև երրորդ նախագահը, թող այսօր մի բան կարողանա անել: Նա թող իրեն հիշի 90-ականների սկզբին: Այս ամեն ինչը պետք չէ մոռանալ», ասել է նա: