չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ոստիկանության գործողություններն իրավաչափ են և հանդուրժողական. որևէ հատուկ միջոց՝ նույնիսկ պաշտպանական միջոցներ չեն կիրառվել․ Արմեն Խաչատրյան

Ոստիկանության գործողություններն իրավաչափ են և հանդուրժողական. որևէ հատուկ միջոց՝ նույնիսկ պաշտպանական միջոցներ չեն կիրառվել․ Արմեն Խաչատրյան

Այս զանգվածային անհնազանդության ակցիաների ժամանակահատվածում պետք է արձանագրեմ, որ ոստիկանության գործողությունները ես համարում  եմ իրավաչափ, հանդուրժողական և արհեստավարժ: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  նիստի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Հանդուրժողական, որովհետև որևէ հատուկ միջոց չի կիրառվել, ես մեծ ուշադրությամբ հետևում էի այդ գործընթացներին, նույնիսկ պաշտպանական հատուկ միջոցներ չեն կիրառվել՝ սաղավարտ և այլն, և, այն անձինք, որոնք հայտարարություն են անում, որ կիրառվել է անհամաչափ ուժ՝ ուղղակի այդ անձանց ես խորհուրդ կտայի համեմատել այլ երկրներում նմանատիպ միջոցառումների անցկացման ոճի հետ»,- ասաց Խաչատրյանն ու որպես օրինակ այլ երկրների փորձը բերեց.

«Որևէ երկրում, որևէ զարգացած երկրում, ամենաժողովրդավար երկրում երբևէ չեք տեսնի, որ նման զանգվածային միջոցառումների ժամանակ չօգտագործվի սաղավարտ, վահան, ռետինե մահակ, ռետինե մահակը պարտադիր օգտագործման մեջ է և մենք ականատես ենք լինում այն դեպքերին, որ ոստիկանը գրկում է անհնազանդություն դրսևորող քաղաքացուն, ոստիկանի օրինական պահանջը չկատարող քաղաքացուն գրկած տանում և հանում է ճանապարհի երթևեկելի բանուկ մասից»,-շեշտեց նա:

Խաչատրյանը հավելեց, որ քաղաքական իրավունքների իրացման սահմանը այնտեղ է, որտեղ սկսում է այլոց իրավունքները.

«Եթե այդ իրացմամբ խախտվում են այլոց իրավունքները, այստեղ արդեն ոստիկանությունը և պետությունը պետք է կատարի իր պոզիտիվ պարտականությունը և պաշտպանի հանրային անվտանգությունը՝ ապահովելով և՛ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, և՛ բոլոր իրավունքների այն ծավալները, որոնք ոտնահարվում են այդ միջոցառումներով»,- ասաց ՔՊ պատգամավորը:

  • Կիսվել: