Ոստիկանության բաժիններում տեղ չկա, բերման ենթարկվածներին չեն ընդունում․ Էլինար Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ոստիկանության բաժիններում տեղ չկա, բերման ենթարկվածներին չեն ընդունում։ Նա Լուսանկար է հրապարակել ու գրել․
«Սա «ուրախ» ավտոբուսն է: Մոտավորապես 8 անց 30-ից այս ավտոբուսում մեր տասից ավելի քաղաքացիներն են: Նրանց բերման են ենթարկում անհնազանդության խաղաղ ակցիայից:
Այս ավտոբուսը հասցրել է լինել Արաբկիրի, Զեյթունի բաժիններում, փորձել է շեղվել դեպի Մասիվ, հետո մտափոխվել է, այնուհետև Էրեբունի բաժին, բայց էլի ապարդյուն:
Ոստիկանության այս բաժինները մեր բերման ենթարկվածներին չեն ընդունում, տեղ չկա: Չգիտեմ, թե ուր կտանի ճանապարհը «ուրախ» ավտոբուսին, բայց շուտով 3 ժամը լրանում է:
Բարի ճանապարհորդություն, ընկերներ: Հուսամ հասցրեցիք հիանալ Երևանի գեղեցկությամբ»,-նշել է նա:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ոստիկանությունից հայտնել են, որ մինչ այս պահը բերման է ենթարկվել 286 քաղաքացի։