Ոստիկանապետը` մեծաթիվ ծառայողներով Հովհաննավանք գալու մասին (տեսանյութ)
Այսօր Հովհաննավանքում ոստիկանապետ Արամ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչու են այստեղ մեծաթիվ ոտիկաններ եկել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Հովհաննավանքում պատարագ է անցկացրել կարգալույծ հռչակված քահանա տեր Արամը՝ Ստեփան Ասատրյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտնել էր, որ մասնակցելու է հոկտեմբերի 26-ին նախատեսված պատարագին, և իսկապես նա այսօր Հովհաննավանքում էր: Ներկա էին նաև բազմաթիվ ՔՊ-ականներ՝ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արագածոտնի ու Տավուշի մարզպետները, Դիլիջանի համայնքապետը, ՔՊ պատգամավորներ և այլք:
Նախկին քահանայի անվտանգությունը պահպանում էին սպորտային կազմվածքով տղամարդիկ:
Պատարագի ընթացքում քաղաքացիներից մեկը փորձել է նախկին քահանայի ձեռքից խլել Սուրբ Գիրքը, մեկ այլ քաղաքացի բղավել է, որ նա իրավունք չունի պատարագ անցկացնելու, սակայն միջադեպերն արագ հարթվել են:
Նշենք նաև, որ այսօր պատարագին մասնակցելուց առաջ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ ասում է. ՛՛Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը՛՛:


