երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Որքան էլ շարունակվի ադրբեջանական դիվանագիտության ներուժի դեգրադացիան, հայկական կողմը այդ մակարդակին չի իջնելու․ ԱԳՆ խոսնակ

Որքան էլ շարունակվի ադրբեջանական դիվանագիտության ներուժի դեգրադացիան, հայկական կողմը այդ մակարդակին չի իջնելու․ ԱԳՆ խոսնակ

Վերջին շրջանում մենք Ադրբեջանից ստանում ենք խիստ իրարամերժ ազդակներ և հայտարարություններ, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերին, այլ նաև՝ դիվանագիտական ներուժին։ Այդ մասին այսօր ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի խորհրդականի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ վերջինը հայտարարել էր, որ Ադրբեջանը պաշտոնապես մտահոգություն է հայտնում Ռուսաստանից Հայաստան առաքվող զինամթերքի առնչությամբ և նշել, որ բացատրություն են ակնկալում՝ ինչու է Ռուսաստանը զինում Հայաստանին։

«Նշեմ նաև, որ որքան էլ շարունակվի ադրբեջանական դիվանագիտության ներուժի դեգրադացիան, հայկական կողմը այդ մակարդակին չի իջնելու։ Ըստ ադրբեջանական կողմի վարկածի, թե երկկողմ, թե բազմակողմ հարթակներում դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրները, տվյալ դեպքում՝ Հայաստանը և ՌԴ-ն, չպետք է սերտորեն համագործակցեն, այդ թվում նաև՝ ռազմաարդյունաբերական ոլորտում։ Գուցե բացահայտում անեմ իրենց համար՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռևս 90-ական թվականներին և պարզապես տարակուսանքի է արժանի, որ Ադրբեջանը հենց այսօր է բացահայտել այդ աշխարհաքաղաքական այդ իրականությունը», -ընդգծել է Նաղդալյանը։

  • Կիսվել: