ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Որևէ ապրանքի դեֆիցիտ չի լինի. պարենի գները, սակայն, թանկանում են․ Գեղամ Գևորգյան

Որևէ ապրանքի դեֆիցիտ չի լինի. պարենի գները, սակայն, թանկանում են․ Գեղամ Գևորգյան

Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ Հայաստանում որևէ ապրանքի դեֆիցիտ չկա, անհասկանալի է համարում մեծ ծավալով աևտուր անելու անհրաժեշտությունը, սակայն հավելում, որ պարենի գները թանկանում են ամբողջ աշխարհում, ձեթի գինը բարձրանալու է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գևորգյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Հայաստանում չկա որևէ ապրանքի դեֆիցիտ: Տեղի է ունենում այն գործընթացը, ինչ որ տեղի էր ունեցել կորոնավիրուսի ժամանակ: Մարդիկ մեկ օրվա ընթացքում մեծ քանակի առևտուր են անում, ցանցերը և մատակարարները չեն հասցնում այդ մեկ օրվա կամ 2 օրվա ծավալը պահեստից տեղափոխել խանութներից: Ինչպես կորոնավիրուսի ժամանակ էինք խոսք տվել, որ չի լինելու որևէ խնդիր, հիմա էլ ենք ասում, որ չի լինելու: Ինձ համար առնվազն անհասկանալի է մեծ ծավալով առևտուր անելու անհրաժեշտությունը: Այդ ապրանքը մնալու է տանը, հետո փչանա: Եթե ունենայինք անհանգստություն, որ որևէ ապրանքի ծավալ չի բավականացնելու, մենք կսահմանափակեինք առևտուրն ու այլ մեխանիզմներ կկիրառեինք: Այս պահին նման խնդիր չկա»,- ասաց Գևորգյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ-ն փակելու է ԵԱՏՄ երկրներ ցորենի, ալյուրի, ձեթի, շաքարի արտահանումը՝ նա ասաց, որ այսպես է ՝ սահմանափակելու է, որ քվոտավորմամբ ամեն ԵԱՏՄ երկրի՝ ըստ իր պահանջի տրամադրվի համապատասխան քանակի մթերք: «Մենք քվոտաների ցանկը, համաձայն սովորական հաշվարկի, ամիսների կտրվածքով ներկայացրել ենք և որևէ խնդիր չկա»,- վստահեցրեց ՄՊՀ նախագահը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ շաքարավազի գիննն անգամ 600 դրամի է հասել՝ Գևորգյանն ասաց, որ կարող է մի խանութում անգամ 700, 800 լինել. ՄՊՀ-ն չի վերահսկում նման բաները, վերահսկում է միայն այն ապրանքները, որոնք ունեն էական ծավալ: «Եթե կգ-ով շաքարը լինի 700 դրամ, մենք կսկսենք: Մենք գիտենք, թե ամեն ապրանքի գինն ինչքան է: Եթե մի հատուկ տեսակի շաքարը կամ հատուկ փաթեթավորմամբ շաքարը կամ հատուկ խանութում շաքարը 700 դրամ է, դա չի նշանակում, որ երկրում շաքարի գինը 700 դրամ է»,-ասաց նա:

Գևորգյանը հավելեց. «Այո, պարենի գները թանկանում են, ձեթի գները թանկանալու են, ամբողջ աշխարհում թանականալու են: ՀՀ-ում, ի տարբերություն շատ այլ երկրների, շատ ավելի էժան է գինը: ՌԴ-ից շատ ավելի հարմար գնով է գալիս»:

ՄՊՀ նախագահն ասաց նաև, որ փորձում են ավելի էժան ճանապարհներ գտնել տնտեսավարողների հետ, որպեսզի գնային շոկեր չլինեն: Հայաստանում դիզելային վառելիքի առնվազն 2 ամսվա պաշար կա գործող գնով: Կարող է որոշ տնտեսավարողներ չունենան: «Իսկ շաքարը, եթե նոր խմբաքանակ ձեռք բերվի կամ ճակնդեղը, որը բավականին թանկ է բորսայում, կարող է մի փոքր թանկացում տեղի ունենա, սակայն այս պահին դեռևս նման խնդիր չունենք»,- ասաց Գևորգյանը:

  • Կիսվել: