ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Օրենսդրական նախաձեռնությունում հաշվի են առնվել ազգային անվտանգության մարմիններում ծառայության առանձնահատկությունները եւ սկզբունքները

Օրենսդրական նախաձեռնությունում հաշվի են առնվել ազգային անվտանգության մարմիններում ծառայության առանձնահատկությունները եւ սկզբունքները

««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքում օգտագործվող հասկացությունները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու եւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ազգային անվտանգության ծառայության լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 24-ի արտահերթ նիստում:

Վերոնշյալ օրենքների նախագծերի փաթեթում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություն է ներկայացրել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը: «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին հոդվածում առաջարկվել է կատարել փոփոխություն: Մասնավորապես, սահմանելով, որ լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվելուց հետո կարող են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով ոչնչացվել: «Առաջարկն ընդունելի չէ, քանի որ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնազերծման եւ ոչնչացման հետ կապված հարաբերությունները մանրամասն կարգավորված են «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով եւ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերով»,-պարզաբանել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը՝ հիմնավորելով գործող օրենքի հոդվածներով: «Մեր կողմից ներկայացված նախագծով կատարվող փոփոխությունը, ըստ էության, նպատակ ունի հստակեցնելու առկա օրենսդրական ձեւակերպումը եւ նշված հարաբերությունների համար որեւէ նոր կարգավորում չի ենթադրում»,-ամփոփել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը:

Պատգամավորներ Գեղամ Մանուկյանը եւ Գեղամ Նազարյանը մտահոգիչ են համարել օրենսդրական նախաձեռնության 8-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվող փոփոխությունը, որում, մասնավորապես, նշվում է, որ «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով»:

Ելույթում Արմեն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել բովանդակային քննարկման համար՝ նշելով, որ նախագծի բովանդակությունը վերաբերում է կադրային քաղաքականությանը: Միաժամանակ՝ նախագծով առաջարկվել է կատարել նաեւ իրավական շտկում:

Լրամշակված նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: