Օր առաջ պետք է վերջ տալ սրան. Արծվիկ Մինասյան
Ցավալի է, որ այս հիշարժան օրը մենք ականատես ենք լինում ապօրինի վարքագծի: Այս մասին այսօր Ոստիկանության 6-րդ վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն՝ Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և Կոնստանտին Տեր-Նակալյանի և «Ադեկվատ»-ի ևս երկու անձանց բերման ենթարկելու փաստին։
Նրա խոսքով՝ իրենք փորձում ենք նախ և առաջ հասկանալ, թե որն է այս մասսայական գործողությունների, անտրամաբանական, հաճախ իրավունքից դուրս վարքագծի պատճառը: «Եթե անգամ նպատակը ինչ-որ քարոզչական հնարքներ ապահովելն է՝ հաստատ այս ճանապարհը ճիշտ ճանապարհ չէ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ չհիմնավորված բերման ենթարկելը, անազատության մեջ պահելը համարվում են լուրջ հանցագործություններ:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ ներկա իշխանությունները ժամանակին պայքարում էին ապօրինի ձերբակալությունների, վարչական կալանավորումների դեմ, որոնք իրականացնում էին նախկին իշխանությունները, սակայն այսօր նրանք դա անում են էլ ավելի վատ ձևով:
«Մեկ-մեկ մեզ հետաքրքրում է, թե ինչպես է եղել 37 թիվը: Եթե սա սկսում է նմանվել 37 թվին, մեր սերունդներն էլ ականատես են լինում նման վարքագծի: Օր առաջ պետք է վերջ տալ սրան», - հայտարարեց Արծվիկ Մինասյանը։