հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ոչինչ չի փոխվել և դուք էլ մերժված թեկնածուին նորից բերել և առաջադրում եք ՍԴ դատավորի պաշտոնում․ Հովակիմյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարին

Ոչինչ չի փոխվել և դուք էլ մերժված թեկնածուին նորից բերել և առաջադրում եք ՍԴ դատավորի պաշտոնում․ Հովակիմյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարին

Ազգային ժողովում շարունակվում է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրված թեկնածուների քննարկումը։ Այս պահին քննարկվում է ՀՀ նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի թեկնածության հարցը։

Հիշեցնենք՝ Վաղարշյանի թեկնածությունը ՀՀ նախագահի կողմից նույն պաշտոնի համար երկրորդ անգամ է ներկայացվում խորհրդարանին․ առաջին անգամ խորհրդարանը դեմ էր քվեարկել այս թեկնածուին։

Այս անգամ ևս թեկնածուին խորհրդարանին ներկայացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, որը սակայն ոչ մի նոր բան չասաց մեկ անգամ արդեն մերժված թեկնածուի մասին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Տարասյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված նույն խորհրդարանի կողմից մերժված թեկնածուին առաջադրելը, արդյոք նախագահականը չի ցանկացել այլ թեկնածու առաջադրելու գործընթաց սկսել։ Ի պատասխան Տարասյանը վկայակոչեց մեկ այլ դեպք, երբ նույն թեկնածուն երկու անգամ է առաջադրվել նույն պաշտոնի համար։ Նշենք, որ խոսքը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասին է․ վերջինին նախկին իշխանությունների խորհրդարանը չէր ընտրել, իսկ նոր խորհրդարանը ընտրել էր։

«Ինչպես գիտեք, Վահե Գրիգորյանը երկու անգամ առաջադրվել է, ճիշտ է, տարբեր գումարման խորհրդարանների, բայց երբ մենք խոսում ենք Ազգային ժողովի մասին, նկատի ունենք այն որպես ինստիտուցիոնալ առանձին կառույց։ Երբ մի թեկնածուին հնարավորություն տրվել է երկու անգամ առաջադրվել, ապա արդարացի չէր լինի մյուս թեկնածուներին հնարավորություն չտալ։ Երբ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է, Արթուր Վաղարշյանը համաձայնել է, և արդարացիության սկզբունքից ելնելով, մենք ներկայացրել ենք նրա թեկնածությունը երկրորդ անգամ», - հարցին պատասխանեց Էմիլ Տարասյանը։

Ի պատասխան, Հովակիմյանն ասաց, որ Վահե Գրիգորյանի դեպքում խորհրդարանի կազմը փոխվել էր՝ նախորդը չէր ընտրել, իսկ 7-րդ գումարման խորհրդարանը, որը 90 տոկոս նոր կազմով ընտրել էր նրան որպես ՍԴ դատավոր։

«Այս խորհրդարանը, որը մեկ անգամ արդեն չէր ընտրել Արթուր Վաղարշյանին, չի փոխվել և դուք էլ մերժված թեկնածուին նորից բերել և առաջադրում եք ՍԴ դատավորի պաշտոնում։ Էթիկայի հարց է և սահմանադրական ինստիտուտների փոխադարձ հարգանքի հարց է առաջանում, ոչինչ չի փոխվել, և դուք մերժված, չընտրված թեկնածուին առաջադրում եք նույն խորհրդարանին», -դիմելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին, հայտարարեց Էմիլ Տարասյանը։

  • Կիսվել: