ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոչ ցանկալի եղանակ է, որ փորձ է կատարվում բոյկոտի ենթարկել օրենսդիր մարմնի աշխատանքը․  Վարդանյանը՝ ընդդիմադիրների մանդատները չվերցնելու մասին

Ոչ ցանկալի եղանակ է, որ փորձ է կատարվում բոյկոտի ենթարկել օրենսդիր մարմնի աշխատանքը․ Վարդանյանը՝ ընդդիմադիրների մանդատները չվերցնելու մասին

Որպես կանոն, երբ կառավարությունը սկսում է բարեփոխումների որոշակի ծրագիր, վարկանիշային փոփոխություններ կարող են լինել։ Մենք առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով՝ քաղաքացիներն իրենք են ընտրություն կատարելու և որոշում  կայացնելու համապատասխան հարցերի վերաբերյալ՝ գալիք ընտրությունների ընթացքում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Gallup-ի  իրականացրած հետազոտությամբ՝ հարցվածների շուրջ 47 տոկոսը որոշել է ընդհանրապես չմասնակցել ընտրություններին․ լրագրողներին հետարքրքում էր՝ սա որոշակի եզրահանգումների տեղիք տվե՞լ է։ 

«Հարցումը տեսել ենք, հարցման արդյունքները հասկանալի են, դրա  հետ կապված համապատասխան արձագանք է պետք տալ և այդ արձագանքը պետք է լինի այնպիսին, որ քաղաքացիները ավելի տեսանելի եղանակով հասկանան, թե ինչպես է զարգանալու պետության ղեկավարումը գալիք տարիների ընթացքում»,- ասաց Վարդանայնը։ 

Վարդանյանն անդրադարձավ նաև  «Հայաստան» դաշինքում պատգամավորների կողմից մանդատները վայր դնելուն․ «Ես հարգանքով եմ վերաբերում ցանկացած պատգամավորի մանդատի  հետ կապված որոշմանը, դա վերջիններիս սահմանադրական իրավունքն է՝ վերցնել մանդատը կամ հրաժարվել», - պատգամավորը նշեց, որ հարգանքից ելնելով ցանկություն չունի մեկնաբանել ընդդիմադիր խմբակցությունում ստեղծված իրավիճակը․ «Ճիշտ կլինի՝ «Հայաստան» խմբակցությունը կամ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը  մեկնաբանի մանդատների հետ կապված  խնդիրը և հարաբերությունները»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ կլինի, եթե մանդատը վայր դրած պատգամավորներին դաշինքի ցուցակում հաջորդողները հրաժարվեն մանդատները վերցնել․ «Քաղաքական առումով,  իհարկե, ոչ ցանկալի եղանակ է, որ փորձ է կատարվում բոյկոտի ենթարկել երկրի օրենսդիր  մարմնի աշխատանքը, իրավական տեսանկյունից ոչինչ չի փոխվում, ԱԺ-ն շարունակելու է իր բնականոն գործունեությունը»։ 

Հարցին, թե ինչով է հիմնավորվում դատախազների  աշխատավարձը 100 տոկսով բարձրացումը՝ Վարդանյանը պատասխանեց, որ նախ օրենքի նախագիծը պետք է մտնի ԱԺ․ «Ընդհանրապես, մտածում ենք, որ  աշխատավարձերը՝ հատկապես իրավական համակարգում պետք է բարձրանան  և պետական ծառայողը պետք է ունենա արժանապատիվ աշխատավարձ։ Երբեք չի քննարկվում այն հարցը,  որ պետական ծառայողը պետք է ունենա աստղաբաշխական թվերի հասնող աշխատավարձ, բայց իրավապահ համակարգում պետք է արժանապտիվ վարձատրություն տանք , խոսքը վերաբերում է այն անձանց,ովքեր իսկապես կատարում են կարևոր գործառույթ։ Շատ ավելի վտանգավոր են այն իրավիճակները, երբ աշխատավարձը ֆորմալ շատ ցածր է, բայց դատախազներին կամ իրավապահ մարմինների աշխատակցներին «թույլատրվում է»  վարձատրության այլ լուծումներ և հնարավորություններ գտնել»։ 

 

  • Կիսվել: