շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ո՞ր ուժերն են այս ընտրությունները դիտարկում ամբողջական իշխանափոխության համատեքստում․ «Փաստ»

Ո՞ր ուժերն են այս ընտրությունները դիտարկում ամբողջական իշխանափոխության համատեքստում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Այստեղ առաջնային նշանակություն ունեն մասնակից ուժերի ոչ միայն մոտեցումները քաղաքային տնտեսության կառավարման առումով, այլեւ բուն քաղաքական տեսանկյունից: Բանն այն է, որ ընտրություններին մասնակցում են նաեւ ուժեր, որոնք փորձագետները գնահատում են որպես իշխանությունների սատելիտներ: Արդեն իսկ նկատելի է, որ այդ միավորները փորձում են ընտրությունները վերածել մունիցիպալ մրցավազքի՝ հնարավորինս առաջ բերելով ապաքաղաքական օրակարգ: Այնինչ, կան մի քանի ուժեր, որոնք ընտրական գործընթացը դիտարկում են ամբողջական իշխանափոխության համատեքստում: Ի մասնավորի, հիմնական ուժերից նման օրակարգ ունի «Ապրելու երկիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Մանե Թանդիլյան), որը երեկ իր քարոզարշավն սկսեց Արաբկիր համայնքից:

Կուսակցությունն օրերս տարածած հայտարարության մեջ հատուկ շեշտում էր, որ «Հայաստանում պետք է տեղի ունենա ամբողջական իշխանափոխություն»: Ավելին, կուսակցությունն ի սկզբանե նշում է, որ «բացառվում է իշխող կուսակցության հետ որեւէ համագործակցություն»: Ի դեպ, օրերս մենք նաեւ տեղեկացրել էինք, որ, մեր տեղեկություններով, առաջիկայում «Ապրելու երկիր» կուսակցությունը նախատեսում է առաջարկել այլ քաղաքական ուժերի՝ փաստաթուղթ ստորագրել՝ միասին ՔՊ-ի դեմ պայքարելու պատրաստակամության մասին։

Հաջորդ ուժը, որը դարձյալ այս ընտրությունները դիտարկում է ամբողջական իշխանափոխության համատեքստում, «Մայր Հայաստան» դաշինքն է, որի առաջին համար Անդրանիկ Թեւանյանն ի մասնավորի ոչ մեկ անգամ նշել է, որ դաշինքը կենտրոնացել է ոչ թե քաղաքային, այլ քաղաքական եւ անվտանգային խնդիրների վրա եւ ձգտում է վերցնել իշխանությունը Երեւանում՝ դա դիտարկելով երկրում ամբողջական իշխանափոխության մեկնարկ: Թե մյուս քաղաքական ուժերից որոնք կմիանան այս օրակարգին, ցույց կտան առաջիկա մի քանի օրերի նրանց հայտարարությունները»։

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: