կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նրա անունը փառքով կմնա հայոց պատմության մեջ. վարչապետի ցավակցական ուղերձը Կոմանդոսի մահվան կապակցությամբ

Նրա անունը փառքով կմնա հայոց պատմության մեջ. վարչապետի ցավակցական ուղերձը Կոմանդոսի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից:

«Խորը վշտով տեղեկացա Արցախի հերոս, լեգենդար ռազմական գործիչ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ մեր սիրելի Կոմանդոսի մահվան մասին:

Արկադի Տեր-Թադևոսյանը փայլուն ռազմական ուղի է անցել և իր գործունեությամբ լավագույնս ծառայել է հայրենիքին՝ մասնակցելով հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար փառապանծ հաղթանակների կերտմանը: Նա Արցախյան ազատամարտի հերոս է, Շուշիի ազատագրման ռազմական օպերացիայի հրամանատար, որը հայտնի է որպես ռազմագիտության դասագրքային օրինակ և վկայում է Կոմանդոսի՝ ռազմական գործի գիտակ լինելու մասին:

Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը հայրենասիրության և բարձր պրոֆեսիոնալիզմի մարմնավորում է: Նրա անունը հավերժ փառքով կմնա հայոց պատմության մեջ՝ որպես հայ ազգի արժանի զավակ և նվիրյալ զինվորական, ում ողջ գործունեությունը հաղթանակի բերկրանք ու հպարտություն է պարգևել հայ ժողովրդին:

Ցավակցություններս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, մեզ բոլորիս:

Հավերժ փա՛ռք նրա հիշատակին»,- ասված է ուղերձում:

  • Կիսվել: