երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կտորներով  օրակարգ բերելը որեւէ ձեւով չի բխում Հայաստանի շահերից. Աբրահամյան

Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կտորներով օրակարգ բերելը որեւէ ձեւով չի բխում Հայաստանի շահերից. Աբրահամյան

Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կտորներով  օրակարգ բերելը որեւէ ձեւով չի բխում Հայաստանի շահերից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Եթե երեք կողմերը, որոնք ստորագրել են, որոշում են քննարկման օրակարգ բերել այս փաստաթուղթը, դա կարող է լինել միայն այն իրվիճակում, երբ այդ փաստաթղթի մնացած կետերի ի կատար ածվելը լինի կոնկրետ հողի վրա: Դա նշանակում է, որ եթե անդրադառնում ենք փաստաթղթի 9-րդ կետին, որը վերաբերում է ռեգիոնալ ապաշրջափակմանը, ապա դա ենթադրում է, որ դրանից առաջ արցախցիները պետք է լինեն Արցախում, լինեն այն պայմանները, որոնք արծարծված են նոյեմբերի 9-ի փաստաթղթում: Այս պայմաններում դրա կտորներով կամ մասամբ իրականացումը եւ  օրակարգ բերելը որեւէ ձեւով չի բխում Հայաստանի շահերից»,-ասաց նա:

Հարցին՝ Հայաստանը խախտե՞լ է այդ հայտարարությունը, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Այս դեպքում խախտումն արել է Ադրբեջանը: Հայաստանի գլխավոր խնդիրները սկսել են այնտեղից, որ առանց մնացած կետերի կատարման առաջ են ընկել եւ կատարել իրենց մասով պարտավորությունները, մասնավորապես, Քաշաթաղի, Քարվաճառի, Ակնայի հանձնման առումով: Ըստ էության ստացվել է, որ փաստաթուղթը ՀՀ իշխանությունների կողմից միակողմանի իրացվելուց հետո Ադրբեջանն իր պարտականությունները ոչ միայն  չի կատարել, այլեւ ագրեսիայի է դիմել Արցախի նկատմամբ, ինչի հետեւանքով այսօր Արցախում մի քանի հայ է մնացել»:

  • Կիսվել: