շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը Լևոն Քոչարյանին անվանեց «գլխի փոքրիկ տղա». իրավիճակն ԱԺ-ում կտրուկ լարվեց

Նիկոլ Փաշինյանը Լևոն Քոչարյանին անվանեց «գլխի փոքրիկ տղա». իրավիճակն ԱԺ-ում կտրուկ լարվեց

Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ իրավիճակը լարվեց, հնչում էին գոռգոռոցներ, սակայն պարզ չէր, թե ով ում վրա է գոռգոռում:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, ասաց. «Երբ որ ձեր քաղաքական ուժի գլխի տղան հարց տվեց, ես...»: Այս բառերից հետո իրավիճակը լարվեց: Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը բղավեց. «Լռություն, հանգստացեք», սակայն երկար ժամանակ իրվիճակը չէր հանդարտվում:

Երբ դահլիճում լռություն տիրեց, Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ հասկանալ՝ մեր ընդդիմությունը կամ կոնկրետ անձը գլուխ բառից վատ զգաց, թե տղա բառից: Ես նախորդ անգամ էլ գլխի փոքրիկ տղային խորհուրդ տվեցի, ասացի՝ քեզ պահի պատշաճ, հակառակ դեպքում գիտեք, թե ինչ կլինի»։

Մինչև այդ ԱԺ-ում քննարկվում էր Տավուշում դեմարկացիայի հարցը։

Գառնիկ Դանիելյանն իր խոսքում նշել էր․ «Ես լսել էի, որ կան դժբախտ ու դժգույն քաղաքներ, կան սարեր, որոնք ձյունով ծածկված են և մեզ պետք չեն, լճեր, որոնց համար պետք չէ պայքարել, բայց առաջին անգամ լսեցի, որ կան միջգյուղային ճանապարհներ, որտեղ չկան ռեստորաններ և հյուրատներ, այդ տարածքները հարցականների տակ են։ Ես կարող եմ բերել բազմաթիվ փաստեր, որ այդ հողերը մեր պատմական հայրենիքի անբաժանելի մասն են, այդտեղ կան 8-րդ դարի բերդեր, շիրմաքարեր, այդտեղ ամեն քար ու թուփ հիշեցնում է հայկականություն, այդ ամենը հարցականի տակ դնել ԱԺ ամբիոնից, լավ, լո՞ւրջ եք, էս ի՞նչ եք անում։ Այդ դեպքում թշնամին հայտնվելու է այդ տների մոտ, ճանապարհը անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, դուք ասում եք՝ Ադրբեջանի հետ այդ ճանապարհների անվտանգությունը կապահովենք, լո՞ւրջ եք ասում։  Լոռու մարզը սարքում եք սահմանամերձ մարզ, գազամուղը տալիս ենք Ադրբեջանի վերահսկողության տակ, որ փական դնի, Արցախի օրն ընկնե՞նք, հետո կասեն՝ մենք ինքնիշխան տարածքից զիջում չենք արել»։

Դանիելյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին, թե արդբեջանցիները Հայաստանին հանձնե՞լ են 31 բնակավայրերը, որ Հայաստանը գնում է զիջումների։

Փաշինյանն էլ պատասխանեց․ «Եթե Շուշին դժգույն քաղաք չլիներ, ձեր քաղաքական ուժի գլուխը, և նրանից կախված մյուս օրգանները «Գոլդեն փելես» հյուրանոցը Մոնումենտում չէին կառուցի, բա տանեիք, ընդեղ կառուցեիք, Հունաստում կղզի չառնեիք, գնայիք Ոսկեպարում կառուցեիք։ Խոսքը տան մասին չէ, խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մասին է։ Այն ինչը ՀՀ ինքնիշխան տարածքում է, ՀՀ ինքնիշխան տարածքում է։ Ես, կներեք, պատմական Հայաստանի վարչապետը չեմ, ես այսօրվա վարչապետն եմ։ Եթե պատմական Հայաստանի պատգամավոր եք, առաջարկում եմ ձեր աշխատանքը տեղափոխել պատմական Հայաստան»։

  • Կիսվել: