հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը կիրառում է ուժ, որ մնա իշխանության, և խաղաղ ցույցերով դա չի անցնի, ուժին պետք է ուժ հակադրել. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը կիրառում է ուժ, որ մնա իշխանության, և խաղաղ ցույցերով դա չի անցնի, ուժին պետք է ուժ հակադրել. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Նիկոլը նվաստացրեց բանակը՝ ԳՇ պետին հանելով և դատարաններ ուղարկելով, բայց բանակը, մեկ է, իր դեմ է և մի օր ոտքի է կանգնելու։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին հայտարարեց Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Նա կաշառեց Ոստիկանությանը, ԱԱԾ-ն դարձրեց Նիկոլի անվտանգության ծառայություն։ Դատախազությունը զբաղված է նրա հակառակորդներին չեզոքացնելով։ Նա կիրառում է ուժ, որ մնա իշխանության, և խաղաղ ցույցերով դա չի անցնի, ուժին պետք է հակադրել ուժ։ Մի «իքս» օր ամբողջ ժողովրդով պետք է ոչնչացենք ամեն ինչ. այսօրվանից մենք նախապատրաստվելու ենք այդ «իքս»  օրվան»,- հայտարարեց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին ոչ միայն պետք է վռնդել իր արածների ու անշնորհք կառավարման, այլև նրա համար, որ հիմա տեղում նստելով՝ մեզ զրկում է ապագայից։

«Այդ ապագան բարդ է լինելու, որովհետև նոր հնարավորություններն օգտագործելու համար մենք պետք է կարողանանք վերականագնել նաև այն, ինչ ունեցել ենք՝ բանակը, մեր սահմանները, Արցախը։ Այդ ամենը պետք է անենք, որ կարողանանք այդ նոր խաղում առավելություններ ստանալ։ Ինքը կերավ ոչ միայն  մեր անցյալը, այլև հիմա ուտում է մեր ու մեր երեխաների ապագան, ամենաբարդ ժամանակաշրջանն է մեր տարածաշրջանում, մենք խաղալիք ենք, մենք գործոն չենք։ Բազմաթիվ բարդություններ ու հսկայական հնարավորություններ են սպասվում, բայց այս էջը զոռով պահելու պատճառով ՀՀ-ն չի ստանում այն առավելությունները, որոնք կարող էր ունենալ, եթե էջը կարողանայինք թերթել»,- ասաց նա։

Մանուկյանն անդրադարձավ նաև Թուրքիայի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին.

«Նոր ծրագրեր են առաջարկում՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ բարեկամություն։ Պատերազմն ավարտված չէ, մենք ապրում ենք զինադադարի օրեր, և դրա մասին են հայտարարում Թուրքիան և Ադրբեջանը՝ իրենց ժողովրդին ուղղորդելով, որ պետք է ոչնչացնել հայերին, վերցնել Երևանը, Սյունիքը։ Ու այս պայմաններում երկրի ղեկավարներն ասում են, որ պետք է բարեկամություն անենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ ժամանակներ կային, որ դրա համար գնդակահարում էին, ափսոս, այդ ժամանակներն անցան»,- հայտարարեց նա։

  • Կիսվել: