ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Նիկոլ Փաշինյանը Բերդավանում խոսել է սահմանազատման մասին

Նիկոլ Փաշինյանը Բերդավանում խոսել է սահմանազատման մասին

Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Բերդավան համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ առաջիկայում սպասվում են մեծ իրադարձություններ. սահմանազատում է տեղի ունենալու։

Նա նշել է, որ  սահմանազատման արդյունքում  Խորհրդային Միության ժամանակ եղած գիծը վերականգնվում է։

«Խաղաղությունը հաստատված է այն հիմքի վրա, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն ու սահմանները։ Սա նշանակում է, որ սահմանը լինելու է այն, ինչ Խորհրդային Հայաստանում  եղել է։ Սահմանազատումը սկսելու է հյուսիսից և ավարտվելու է մինչև Իրանի սահման։ Այն հատվածներում, որտեղ  ԹՐԻՓՓ նախագծի պրոյեկտ կսկսենք իրագործել՝ այդտեղ կարճ կտորներով կսահմանազատենք: Մնացած հատվածով պիտի նստենք աշխատենք»,-նշել է նա՝ հավելելով, որ Բերդավանում նման խնդիր չկա, փոխարենը նման խնդիր կա Արծվաշենում։

Փաշինյանի խոսքով՝ ինքն ունի իր ընկալումը սահմանազատման հարցի շուրջ, և կարծում է, որ Ադրբեջանի ընկալումն էլ է նույնը։

 «Իմ ընկալումն է, որ պետք է հիմա այնպես հարցը լուծենք, որ 10 տարի հետո, 20 տարի հետո, 30 տարի հետո, 50 տարի հետո, 100 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:

 

  • Կիսվել: