Նարեկ Մալյանն ազատ արձակվեց
Նարեկ Մալյանն այսօր ազատ է արձակվել: Այլևս անկախության տոնն ինձ համար նոր իմաստ ձեռք բերեց, կալանավայրից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մալյանը։
«Երբ ապօրինի ձերբակալվեցի, այդ օրն Արցախը մերն էր, հիմա չգիտեմ, այն զգացողությունն է, կարծես նոր ապրեմ այդ կորուստը։ Բանտը բավական լավ տեղ է մտորումների համար»,-ասաց Մալյանը։
Հարցին, թե բանտը փոխե՞լ է իրեն՝ Նարեկ Մալյանը պատասխանեց.
«Դեպի լավը»։
Մալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև չորս տարի ժամկետով: Նա ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերի 20-ին։
Ապրիլի 12-ին դատարանը Մալյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել մեկ տարվա ազատազրկման։