չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նախագահն արձագանքել է օգոստոսի 25-27-ին ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի փակմանը

Նախագահն արձագանքել է օգոստոսի 25-27-ին ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի փակմանը

ArmDaily.am օգոստոսի 27-ին հրապարակել էր «Հայտնի է՝ ինչպես է նախագահը գնահատում խորհրդարանական ծեծկռտուքները, հաջորդիվ կպարզենք նրա կարծիքը սյունիքյան իրականության մասին» հոդվածը, որտեղ ներկայացրել էինք օգոստոսի 24-25-ին Ազգային ժողովում տեղի ունեցած աննախադեպ լարված իրավիճակի, դրա հանգուցալուծման ուղիների վերաբերյալ նախագահական ուղարկված մեր հարցման պատասխպանները։

Մինչ նախագահականից արձագանքել էին մեր հարցմանը՝ ԱԺ-ն հաստատել էր Կառավարության ծրագիրը, մինչդեռ իրավիճակն այդ օրերին լարվել էր Գորիս-Կապան ավտոճանապարհին, քանի որ օգոստոսի 25-ից ադրբեջանական կողմը փակել էր ճանապարհը, սակայն այդ առնչությամբ որևէ արձագանք չկար։

Մենք նոր հարցում էինք ուղարկել նախագահական՝ պարզելու համար, թե արդյո՞ք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեղյա՞կ էր Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններից, ինչպես է Արմեն Սարգսյանը պատկերացնում խնդրի հանգուցալուծումը և հաշվի առնելով իր դիվանագիտական կապերը՝ ի՞նչ քայլեր է նախատեսում իրականացնել թշնամու գործողությունները միջազգային հանրության կողմից դատապարտելու, կասեցնելու համար։

Ներկայացնում ենք հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացված մեր հարցման պատասխանը.

«Հանրապետության նախագահը մշտապես տեղեկատվություն է ստանում ինչպես Հայաստանում և Արցախում տեղի ունեցող, այնպես էլ Հայաստանին և Արցախին վերաբերող իրադարձությունների մասին: Նախագահի աշխատակազմը կապի մեջ է hամապատասխան մարմինների և գերատեսչությունների հետ:

Ինչպես Ձեր նշած, այնպես էլ համանման բոլոր խնդիրները պետք է կարգավորվեն երաշխավորելով մեր բնակչության ու սահմանների անվտանգությունը, պաշտպանությունը, մեր երկրի տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը, ինչպես նաև մեր քաղաքացիների կյանքի, ազատ ու անվտանգ տեղաշարժի, սեփականության և մյուս բոլոր հիմնարար իրավունքները:

Պատկան պետական մարմինները պետք է այդ նպատակով օգտագործեն բոլոր միջոցներն ու հնարավորությունները: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ Հանրապետության նախագահը գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում: ՀՀ Սահմանադրությամբ արտաքին քաղաքականության իրականացումը վերապահված է կառավարությանը:

Այդուհանդերձ, Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ պատրաստ է իր փորձն ու անձնական կապերը ծառայեցնել երկրի առջև կանգնած խնդիրների լուծմանը նպաստելուն: Միևնույն ժամանակ, նախագահը մեր պետությանը վերաբերող բոլոր խնդիրները մշտապես բարձրացնում է իր պաշտոնական և ոչ պաշտոնական շփումների ընթացքում»:

Նկատենք, որ թեև ՀՀ Սահմանադրությամբ արտաքին քաղաքականության իրականացումը վերապահված է կառավարությանը, սակայն նախագահը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության երաշխավոր, իսկ ՀՀ տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը սահմանված է հենց Սահմանադրությամբ։

Նշենք նաև, մինչև նախագահականից ստացանք մեր հարցերի պատասխանները՝ Գորիս-Կապան ավտոճանապարհը բաց էր, հետևաբար նաև հարցման պատասխանը՝ ժամանակավրեպ։ Թե ինչ «գնով» է բացվել ճանապարհը և, թե որքանով այդ «գինը» կարող է ընդունելի լինել ՀՀ Սահմանադրության երաշխավորի համար՝ հարցման պատասխանում իհարկե որևէ խոսք չկար։

Մնում է հուսալ, որ այսուհետ հանրապետության նախագահն առանց լրատվամիջոցներից ստացվող հարցումների, նույն նախանձելի պատրաստակամությամբ ու հետևողականությամբ կարձագանքի հանրապետությունում տեղի ունեցող խնդրահարույց իրադարձություններին, որով շնորհավորում կամ ցավակցում է որևէ երկրի առաջնորդի, կամ որով ուղերձներ է հղում որևէ տոնական օրվա կապակցությամբ։

  • Կիսվել: